ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Աբու Դաբիում մասնակցում է «Ամենամյա ներդրումային համաժողովին»։
Ինչպես հայտնում են նախարարությունից, միջոցառման շրջանակում նախարարը հանդիպում է ունեցել ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Աբդուլլա բին Թոուք Ալ-Մարրիի հետ։
Քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև տնտեսական կապերի զարգացմանը, ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը, երկու երկրների գործարար համայնքների համագործակցության հնարավորությունները։

Գևորգ Պապոյանը բարձր է գնահատել հատկապես վերջին տարիներին տնտեսության ոլորտում ԱՄԷ-ի հետ սերտ համագործակցությունը, որի արդյունքում ներկայում ԱՄԷ-ն գլխավորում է Հայաստանի ամենամեծ արտահանող և ներմուծող երկրների ցանկը:
Միևնույն ժամանակ, նախարարը շեշտել է, որ առկա են նախադրյալներ տնտեսության ոլորտում գործակցությունն է՛լ ավելի ընդլայնելու համար։
«Մենք դիտարկում ենք ԱՄԷ-ն՝ որպես առանցքային գործընկեր Հայաստանի և Ծոցի երկրների միջև առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացման համար։ Այսօր մենք պատրաստ ենք համագործակցության նոր ոլորտներ ուսումնասիրել և մշակել նախագծեր, որոնք փոխշահավետ կլինեն մեր երկու երկրների համար», - նշել է Գևորգ Պապոյանը:
Նախարարը զրուցակցին ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները, ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված ծրագրերը և ներդրումային հնարավորությունները։