Գյումրիում հետընտրական ինտրիգը կհանգուցալուծվի ապրիլի 16-ին, երբ ՀՀ մեծությամբ երկրորդ քաղաքի ավագանին կընտրի համայնքի ղեկավար։ Եթե ամեն ինչ ընթանա «ընդդիմադիր քառյակի» պլանավորածով, ապա մեծ հավանականությամբ քաղաքապետ կդառնա Վարդան Ղուկասյանը։ Արդեն հայտնի է, որ «Մեր քաղաքը» դաշինքը՝ Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ, անհրաժեշտ ձայներ կապահովի, որպեսզի կրիմինալ բարքերի հետ նույնացվող նախկին քաղաքապետը նորից աթոռին բազմի։ Ընտրություններին մասնակցած և Ղուկասյանին միանալու մասին ազդարարած ընդդիմադիր ուժերը իրավիճակի այսպիսի հանգուցալուծումը՝ Ղուկասյանի «5-րդ գալուստի» տեսքով, շտապեցին համարել ընդդիմության «հաղթանակը»։ Բայց արդյոք այդ հաղթանակի բերկրանքը կարո՞ղ է կիսել նաև Գրիգորյանը, առանց որի համաձայնության հնարավոր չէր լինի Գյումրին Ղուկասյանին «հանձնելը»։ Սա այն դեպքն է, երբ պետք է ասել՝ ում համար հաղթանակ, ում համար՝ նվաստացում ու կապիտուլյացիա։
Գրիգորյանի այս որոշումը, մեղմ
ասած, շոկի ենթարկեց նրա մերձավոր շրջապատին, նրան հավատացած ու ձայն տված գյումրեցիներն էլ իրենց
ֆավորիտի այս քայլը մեկնաբանեցին որպես «անթասիբ
ու անսկզբունք» լինելու ապացույց։ Մինչդեռ
կար ժամանակ, երբ Գրիգորյանն ավելի ձիգ էր
ու սկզբունքային, հենց հարցը վերաբերում էր Ղուկասյանի հետ հարաբերվելուն, գործակցությանը,
ընդհուպ՝ նախընտրական նույն ցուցակում ընդգրկվելուն։ 2017 թվականի ԱԺ ընտրությունների նախընտրական շրջանում Ծառուկյանի երբեմնի կուսակից, ԲՀԿ խմբակցության
անդամ, ԲՀԿ-ի համար նախորդիվ ահռելի ձայներ
ապահոված Գրիգորյանը հրաժարվեց «Ծառուկյան»
դաշինքի ռեյտինգային ցուցակով մասնակցել ընտրություններին, քանի որ ցուցակում ընդգրկված
էր նաև իր ախոյանը՝ Վարդան Ղուկասյանը։ Գրիգորյանը
հանդես եկավ ֆեյբուքյան գրառմամբ՝ ազդարարելով. «Պարզից էլ պարզ է, որ չեմ կարող լինել մի թիմում,
որտեղ կա Գյումրու նախկին քաղաքապետը: ...Հասկանալի է, որ մենք չենք կարող անցնել ճանապարհ
մի թիմի հետ, որի մաս կազմելով՝ 2009-2012թթ. իմ պարտքն եմ համարել պայքարել Գյումրիում
ամենաթողության, կեղծ բարեպաշտության, կամայականությունների, «եթե իմ ձեռքի տակ չես,
իմ դեմ ես» կործանարար սկզբունքի, թայֆաբազության, անկառավարելի ամբոխի, մեկ դերասանի
թատրոնի և այլ անհանդուրժելի երևույթների դեմ»:
Գնանք ևս մի քանի առաջ՝ 2012
թվական։ Այդ օրերին էլ քաղաքապետ Ղուկասյանի և թիվ 34 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու
առաջադրված Գրիգորյանի առճակառումը հասել էր
գագաթնակետին։ Գրիգորյանի տոնը՝ «ընտրարշավը
հարամել» փորձած Ղուկասյանը վերջինիս մեղադրել էր իրեն դավաճանելու և այլ մեղքերի մեջ։
Գրիգորյանը, նկատենք, տեղական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում,
անդրադառնալով Ղուկասյանի ոչ կոռեկտ պահվածքին, իր հերթին գործող քաղաքապետին անվանել
էր ստախոս։ «Էդ մարդը որ տաքանում է, արդեն երևակայությանը չափ ու սահման չկա, սկսում
է ոգևորվել ու էդ ոգևորվելու տակ աշխարհի սուտը փորձում է փչել։ Էն, ինչ որ ասում է,
կատարյալ խեղկատակություն է, ես ցավում եմ, որ ստիպված եմ ինձանից տարիքով մարդու համար
էդպես արտահայտվել, քանի որ էդ մարդը, արդեն քաղաքական ցայտնոտի մեջ գտնվելով, սկսել
է իրենից դուրս բաներ խոսել, ինձ հետ դա կապ չունի ու բացարձակ շանտաժ է»։
Ի դեպ, այդ հարցազրույցում Մարտուն
Գրիգորյանը անդրադարձել էր նաև Ղուկասյանի այն պնդմանը, թե 2007-ին աջակցել է իրեն
պատգամավոր ընտրվել՝ բացահայտելով իրենց հակասությունների պատճառը։ «Էդ ամեն ինչը պայմանավորված
է 2003 թվականով, երբ որ մենք օգնեցինք, սատարեցինք, և ինքը դարձավ քաղաքապետ։ Ես ցավում
եմ մեր էդ սխալի համար։ Դեռ էն ժամանակ ինքը մրցում էր ՀՀԿ-ական թեկնածուի հետ, ինքը
էդ տարիներին մեզ խնդրել է, ոտ ու ձեռք է ընկել, որ պետության դեմ եմ պայքարում, ՀՀԿ-ի
դեմ եմ պայքարում, խնդրում եմ սատարեք, թիկունք կանգնեք, չթողնենք էդ էրևնցոց գան,
Գյումրիում իրենց կամքը թելադրեն։ Ինքը ՀՀԿ-ի հետ կապված աշխարհի եղածն ասեց, մենք
էլ գյումրեցու թասիբը, արժանապատվությունը որպես հասկացող մարդ, բնականաբար, էդ ժամանակ
մենք հասկացանք։ Մենք էդ ժամանակ բիզնեսները ունեինք, մեր բիզնեսի գործընկերները ՀՀԿ-ականներ
էին, մենք էդ ամեն ինչից անցանք, էդ ամեն ինչը նկատի ունեցանք, որ շատ բան կարող ենք
կորցնել, դեմ գնացինք, սատարեցինք իրեն, դարձավ քաղաքապետ»։
Գրիգորյանը նշել էր նաև, որ այդ ժամանակ
Ղուկասյանն իրեն «թասիբով գյումրեցու» խոսք էր տվել, թե ամեն ինչ անելու է, որ 2007-ին իրեն սատարի, և Գրիգորյանը
դառնա պատգամավոր։ «2007-ին, բնականաբար, իր
սովորության համաձայն, խաբեց, չաջակցեց մեզ, մեր դեմ է աշխատել։ Էդ ժամանակ մենք պայքարել
ենք, հաղթել ենք ՀՀԿ-ական թեկնածուին էլ, մարզային նախագահին էլ, հենց քաղաքապետին
էլ»:
2012-ի հուլիսի 21-ին Ղուկասյանը հրաժարական տվեց ՀՀԿ Շիրակի մարզային
խորհրդի նախագահի պաշտոնից։ Ամիսներ անց, Կառավարության որոշմամբ, վաղաժամկետ դադարեցվեցին քաղաքապետ Ղուկասյանի լիազորությունները: Այդ օրերին
մամուլը գրում էր, որ Ղուկասյանին «արանքից
հանելով» իշխանությունը ուղերձ է հղում հանրությանը, թե պետական էլիտան մաքրում ու
ապաքրեականացնում է։
Այսօր, փաստորեն, Մարտուն Գրիգորյանը
սեփական ձեռամբ քվեարկելու է Ղուկասյանի քաղաքապետական
ամբիցիաների բավարարմանը, այսինքն՝ հօգուտ Գյումրիի քրեականացմանն ու դժգույն ժամանակների
վերադարձին։
Հեղինե Մանուկյան