Զազրելի և դատապարտելի է, երբ արցախցիներին փորձում են ներքաշել քաղաքականության մեջ որպես գործիք. Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի՝ վերջին օրերին կազմակերպած բողոքի ակցիաներին ու այդ ակցիաների թեմայով հնչող հայտարարություններին:


«Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ։


Ատելության խոսքը, ինքնին, դատապարտելի է:


Դատապարտելի է, առանց ԲԱՅՑ-երի, արցախցիների հանդեպ ատելության և թշնամանքի խոսքը:


Առավել դատապարտելի է, երբ դա արվում է հայ ժողովրդի մի հատված հանդեպ, որը կորցրել է տուն-տեղը:


Էլ ավելի դատապարտելի է, երբ իշխանությունները ոչ միայն անտարբեր են, այլ նրանց շրջապատն է նաև մաս կազմում այդ ատելության խոսքի տարածմանը:


Զազրելի և դատապարտելի է նաև, երբ արցախցիներին փորձում են ներքաշել քաղաքականության մեջ որպես գործիք և հավաքականություն՝ ընդդեմ Նիկոլի ու նրա իշխանության:


Փաշինյանին հեռացնելու այլ ճանապարհներ փնտրեք…


Այստեղ ուզում եմ մի պատմություն հիշեցնել՝ կրկին արդարացնելու որևէ փորձ չանելու միտումով:


1998 թվականին, երբ Վազգենը, Քոչարյանն ու Սերժը իրենց նազիր-վեզիրներով Հայաստանում իրականացներցին հանցավոր, հակապետական հեղաշրջում՝ զավթելով իշխանությունը, ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը նախազգուշացրեց, որ չի կարելի թույլ տալ Քոչարյանի առաջադրումն ու նախագահ դառնալը:


Մանուկյանը բացատրում էր, որ առաջիկա տասնամյակներում Հայաստանում մարդկանց կյանքը շարունակելու է դժվար մնալ և մարդիկ իրենց դժվարությունները բացատրելու են նրանով, որ Հայաստանում «ղարաբաղցիների իշխանություն» է…


Հետագայում «ղարաբաղցիների իշխանությունը» վերածվեց «ղարաբաղյան կլանի»՝ դառնալով ներքաղաքական խոսույթի և քննարկումների անքակտելի մաս»,- գրել է Հակոբյանը: