ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագիծը, որը հեղինակել են ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։
Civic.am-ը ԱԺ կայքից տեղեկացավ,
որ հիշյալ երկու խմբակցությունների որոշմամբ հիմնական զեկուցող կնշանակվի ՊՈՒ խմբակցության
անդամ, նախկին լրագրող Թագուհի Թովմասյանը։
Նախագծին կից եզրակացության մեջ, որը տրվել է պատգամավորական էթիկայի հարցերով դիմումներն
ուսումնասիրելու և խմբակցություններին եզրակացություններ ներկայացնելու պարտականություն
ունեցող մասնագետ, ԱԺ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Մարի Ստեփանյանի կողմից,
մասնավորապես նշված է. «Հիմք ընդունելով, որ ուսումնասիրված տեսանյութում հնչեցված
արտահայտությունների իրական միտումը և դրանց համատեքստը պարզաբանելու ու օբյեկտիվ գնահատելու
անհրաժեշտություն կա, գտնում ենք, որ տեսանյութի հանգամանքները պարզելու և քննարկելու
համար կարող է ստեղծվել ժամանակավոր հանձնաժողով»։
Խոսքը ԱԺ-ում մարտի 20-ին Անդրանիկ
Քոչարյանի և «Տրիբուն էյ էմ» կայքի լրատվական ծառայության ղեկավար Հռիփսիմե Ջեբեջյանի
միջև տեղի ունեցած երկխոսության տեսագրության
մասին է։
Նախագծի հեղինակները կարծում են,
որ Անդրանիկ Քոչարյանը ԱԺ միջանցքում ցուցաբերած իր վարքագծով խախտել է ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների
մասին ՀՀ օրենքի և ՀՀ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համապատասխան հոդվածների
պահանջները, Ջեբեջյանի նկատմամբ ցուցաբերել է «ակնհայտորեն անհարգալից վերաբերմունք»։