Գյումրիում մեկնարկել է նորընտիր ավագանու անդրանիկ նիստը։ Գյումրեցիների քվեարկության արդյունքում ամենաշատ ձայներն ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի մասնակցում նիստին, իսկ մնացած քաղաքական ուժերը, որոնք անցել են ավագանու կազմ, ներկա են՝ եկել են «տոնելու» ՔՊ-ին «իշխանազրկելու» կամ, ինչպես ասաց նիստին ներկա ու հրճվանքը չթաքցնող «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը՝ «գետնելու» արարողությանը։
«Մայր Հայաստան» խմբակցության ցուցակը գլխավորող Կարեն Սիմոնյանը
հայտարարեց, որ տեր են իրենց նախնական խոստմանը՝ քաղաքապետի թեկնածու չեն առաջադրելու
և քվեարկելու են Վարդան Ղուկասյանի օգտին։ Նույնը խոստացան նաև «Իմ հզոր համայնք»-ի
չկայացած քաղաքապետացու Ռուբեն Մխիթարյանն ու Մարտուն Գրիգորյանի գլխավորած «Մեր քաղաքը»
դաշինքի ներկայացուցիչը։ Վերջինս, ի դեպ, իր խոսքում հատուկ շեշտեց՝ անպայման քվեարկելու
են առաջադրված քաղաքապետի թեկնածուի օգտին։ Հենց Մարտուն Գրիգորյանի կուրացիայի ներքո
գործող ավագանու անդամներն էլ, նկատենք, կապահովեն Ղուկասյանին քաղաքապետ դառնալու
համար պակասող ձայները։
Կարեն Սիմոնյանը, ի
պատասխան civic.am-ի հարցի՝ հետագայում է՞լ
են կողմ քվեարկելու բոլոր այն առաջարկներին,
նախաձեռնություններին, որը կանի Վարդան Ղուկասյանի
ղեկավարած ուժը, պատասխանեց. «Ցանկացած ծրագիր,
ցանկացած առաջարկ, որ օգուտ է բերելու Գյումրի քաղաքին՝ միանշանակ։ Մենք եկել ենք ժողովրդի
քվեով և ցույց ենք տալու, որ իրենք չեն փոշմանելու դրա համար»։ Դիտարկմանը՝ ձեր ընտրողների
նկատմամբ արդա՞ր է, որ քվեարկել են ձեր օգտին, սակայն քաղաքապետ է դառնում մեկ այլ
մարդ, որը աղմկահարույց պատմություններով է հայտնի, մեղմ ասած՝ բարի համբավ չունի,
քրեական հետապնդման է ենթարկվում, արդյոք մտավախություն չունե՞ք, որ ձեր ուժը կասոցացվի
նրա հետ, արձագանքեց. «Այն թեզերը, որոնք հենց նոր արտաբերեցիք, դրանք իշխող ուժի թեզերն
են։ Նոնսենսը գիտե՞ք ինչում է կայանում. իրենք
են ասում էդ քրեական գործերը և այլն, և այլն, բայց ձերբակալված մարդ չկա, հետևաբար էդ կեղծ թեզերին անդրադառնալուն իմաստ չեմ գտնում։
Ես դատավոր չեմ, որ դատեմ։ Եթե մտնում ենք էդ դաշտ, ուրեմն վիժեցնելու ենք համախմբումը
ընդդիմադիր դաշտում, և հայությունը, որը դեմ է ՔՊ-ին, դատապարտելու է մեզ ընդդիմության հաղթանակը վիժեցնելու
համար։ Դրա համար հորդորում եմ նաև ձեզ՝ չմտնեք այդ դաշտ, դա վտանգավոր դաշտ է»։
Փաստորեն, ընտրություններին մասնակցելու իմաստն այն էր, որ ընդամենը
ՔՊ-ին հեռացնեք իշխանությունից՝ դիտարկմանն էլ ավագանու անդամը կիսահեգնանքով արձագանքեց.
«Դա ընդամենը չէ, դա ամենամեծագույն արժեքն է, որ էսօր ընդդիմադիր դաշտը ձեռք է բերել
և պարտավոր է ատամներով պահելու։ Դա ընդամենը չէ»։