Ո՞վ կլինի հաջորդ Հռոմի պապը

Զատկի երկուշաբթի օրը՝ ապրիլի 21-ին, 88 տարեկանում մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ով ղեկավարել է Հռոմի կաթոլիկ եկեղեցին վերջին 12 տարիներին։ Այժմ Վատիկանին սպասվում է Պոնտիֆիկոսին հրաժեշտը և նոր պապի ընտրության գործընթացը:


Հռոմի պապի հուղարկավորությունը սովորաբար տեղի է ունենում նրա մահից ինը օր անց, գրում է BBC-ն։ 



Նոր պապին պետք է ընտրեն կաթոլիկ եկեղեցու ամենաբարձրաստիճան պաշտոնյաները, որոնք հայտնի են որպես Կարդինալների կոլեգիա: Նրանք նշանակվում են անմիջապես պապի կողմից և սովորաբար ձեռնադրվում են եպիսկոպոսներ։ Ավելին, բոլոր կարդինալները տղամարդիկ են։


Նոր պապի օգտին կարող են քվեարկել միայն նրանք, ում 80 տարին դեռ չի լրացել՝ նրանք կոչվում են «պապաբիլի»։ Կոլեգիայում ներկայումս ընդգրկված են 252 կաթոլիկ կարդինալներ, որոնցից 183-ը ձայնի իրավունք ունեն։ Մյուսները կարող են մասնակցել բանավեճին, թե ով պետք է զբաղեցնի նոր պապի տեղը։


Տեսականորեն ցանկացած մկրտված կաթոլիկ տղամարդ կարող էր համարվել պապական աթոռի թեկնածու։


Գործնականում, սակայն, կարդինալները սովորաբար նախընտրում են ընտրել իրենցից մեկը:


Երբ 2013-ին արգենտինացի պապ Ֆրանցիսկոսը ընտրվեց նախորդ կոնկլավում, նա դարձավ պատմության մեջ առաջին պոնտիֆիկոսը Հարավային Ամերիկայից, տարածաշրջան, որը կազմում է աշխարհի կաթոլիկների մոտ 28%-ը:


Բայց ամենից հաճախ կարդինալներն ընտրում են եվրոպացիներին, և հատկապես իտալացիներին:


Մինչ օրս ընտրված 266 Պապերից 217-ը եղել են Իտալիայից։


Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահից հետո կաթոլիկ եկեղեցու ղեկավարի պաշտոնի համար մեկնարկել է պայքարը՝ կուլիսային քաղաքական մարաթոնը, գրում է գերմանական Bild պարբերականը։ Պապական գահի գլխավոր հավակնորդների թվում մի քանի ականավոր դեմքեր կան։


Ֆավորիտներից մեկը 59-ամյա պատրիարք Պիերբատիստա Պիցաբալլան է Երուսաղեմից։ Ցանկում է նաև պահպանողական հայացքների տեր և Դոնալդ Թրամփի կողմնակից գերմանացի կարդինալ Գերհարդ Լյուդվիգ Մյուլերը։ Երբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը չերկարաձգեց Մյուլերի մանդատը Վատիկանում, նրան սկսեցին «աութսայդեր» անվանել և նա դարձավ Պապի քննադատներից մեկը։


Լուրջ աջակցություն է վայելում նաև 2013 թվականից Վատիկանում աշխատող, Սուրբ Աթոռի պետքարտուղար Պիետրո Պարոլինը։ Սակայն վերջինս ավելի շուտ շարքային «ապարատչիկի», քան խարիզմատիկ առաջնորդի համարում ունի։