Վարչապետը և ԵԽԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությունը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակությանը:


Վարչապետը ողջունել է ԵԽԽՎ նախագահի այցը՝ կարևորելով վեհաժողովի ակտիվ գործունեությունն ու տեղի ունեցող քննարկումները:


Թեոդորոս Ռուսոպուլոսն խիստ արդյունավետ է գնահատել Հայաստանի խորհրդարանականների հետ համագործակցությունը և հույս հայտնել, որ այն հաջողությամբ կշարունակվի:


Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործմանն ուղղված Կառավարության քայլերի շուրջ:



ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական գործընթացների անշրջելիության ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ վերահաստատելով ԵԽԽՎ պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը և աջակցությունը։


Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ ձեռք բերված համաձայնությանը և ընդգծել, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին ու պատրաստ է ստորագրել այն:


Հանդիպման ավարտին ընդգծվել է երկխոսության և բազմակողմ համագործակցության խորացման կարևորությունը՝ ի նպաստ տարածաշրջանային կայունության և խաղաղության: