Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ՝ ընդգծելով, որ այդ իրադարձությունը ոչ միայն պատմական ցավալի ողբերգության հիշեցում է, այլև արդարության, մարդու իրավունքների և մարդկային արժանապատվության հանդեպ Լիբանանի հանձնառության հաստատում:Այս մասին հայտնել է Լիբանանի հեռարձակման միջազգային ընկերությունը:
«Դա հիշեցում է աշխարհին բռնության, ծայրահեղականության և մեկուսացման բոլոր ձևերի դեմ կանգնելու կարևորության մասին»,- ասել է Աունը:
Աունը վերահաստատել է Լիբանանի անսասան համերաշխությունը հայ ժողովրդի հետ՝ այս սկզբունքները պահպանելու համար նրա խաղաղ պայքարում։ Նա նաև բարձր է գնահատել ծագումով հայ Լիբանանի քաղաքացիների ներդրումը՝ ընդգծելով նրանց երկարամյա և կառուցողական դերը Լիբանանի քաղաքական, տնտեսական, մշակութային և գեղարվեստական կյանքում:
«Նրանք միշտ եղել են Լիբանանի բազմազան և առատորեն միահյուսված ինքնության անբաժանելի մասը»,- ասել է Աունը:
Եզրափակելով իր հայտարարությունը նախագահն ասել է. «Թող խաղաղությամբ հանգչեն Հայոց ցեղասպանության զոհերը, անարդարության ու ագրեսիայի բոլոր զոհերը ողջ աշխարհում։ Թող Աստված պահապան լինի Լիբանանին և նրա ժողովրդին բոլոր չարիքներից»։