Վիճաբանության ժամանակ կրակոցներ են հնչել. անվտանգության աշխատակիցները համատիրության տեսագրությունները ջնջել են

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 17-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 19։00-ի սահմաններում, Մոնթե Մելքոնյան փողոցի 52 շենքի հարակից հատվածում մի խումբ անձինք լեզվակռիվ են արել միմյանց հետ, ինչը վերածվել է վիճաբանության:


Այն դրսևորվել է իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունքով, հայհոյանքներով և անպարկեշտ արտահայտություններով համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ ծեծի են ենթարկել միմյանց, որի ժամանակ հնչել է 2 կրակոց:


Նշված հասցեի անվտանգության աշխատակիցները «Ինովա» համատիրության տեսագրությունները ջնջել են:


Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, և ոստիկանները ձեռնարկում են միջոցառումներ դեպքի հանգամանքները, հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու և նախաքննությանը ներկայացնելու ուղղությամբ:


Դեպքի փաստով ոստիկանությունում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։