Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձավ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նախարարը շեշտեց, որ ՍԴ որոշմամբ կանխատեսվում է, որ գործերի շրջանակները շատ չեն սահմանափակվի:
«Եթե ապօրինի ծագում ունեցող գույքը պատկանում է պաշտոնատար անձին, ապա դա պետք է դառնա քննության առարկա պաշտոնավարման ողջ ժամանակահատվածի համար: Այսինքն՝ պաշտոնատար անձանց պարագայում հանցագործության կատարման և գույքի ապօրինի ծագման միջև կապի առկայությունը սահմանափակված չի լինելու»,– պարզաբանեց նա:
Ըստ Գալյանի՝ պաշտոնատար անձ չհանդիսացող ֆիզիկական անձանց պարագայում է, որ պետք է լինի ապօրինի գույքի և կոնկրետ հանցագործության միջև ուղղակի կամ անուղղակի կապ: Նա նաև ընդգծեց, որ մանիպուլատիվ փորձեր են արվում ապօրինի գույքի բռնագանձման գործերի մեկնաբանության ժամանակ՝ առանց հաշվի առնելու անձի կարգավիճակը։
«Եթե Սահմանադրական դատարանի որոշումը մեկնաբանվի այնպես, ինչպես գրված է, ապա գործերի շրջանակների էական սահմանափակում չի լինի: Սակայն կարիք կլինի, որպեսզի արդեն իսկ ներկայացված հայցադիմումները վերանայվեն և տեղի ունենա վերահաշվարկ՝ առավել ճշգրիտ և հիմնավորված ընթացակարգ ապահովելու համար»,– ասաց արդարադատության նախարարը։