Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ժամանել է Հայաստան։ Նրան օդանավակայանում դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
Այցի ընթացքում Կավելաշվիլին հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Վրաստանի նախագահը X-ի իր էջում գրել է` Վրաստանին և Հայաստանին կապում է խոր և ամուր բարեկամությունը։ Նա հավելել է՝ ուրախ է, որ իր առաջին միջազգային այցերի ցանկում հենց Հայաստանն է, քանի որ դա ընդգծում է երկու երկրի երկկողմ կապերի կարևորությունը։
Հանրապետության նախագահի նստավայրում ապրիլի 29-ին դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Հայաստանի ու Վրաստանի նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Միխեիլ Կավելաշվիլին առանձնազրույց կունենան, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը:
Ըստ աղբյուրի՝ Հայաստանի և Վրաստանի նախագահներն այնուհետև հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ: