Պատրիկ Սվենսոնը Սյունիքի մարզպետին է ներկայացրել շվեդական տարբեր գործակալությունների կողմից նախատեսվող ծրագրերը

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ապրիլի 29-ին հանդիպել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի հետ: Այս մասին տեղեկացնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից:


 

Մարզպետը շնորհակալություն է հայտնել հերթական այցի ու Սյունիքի հանդեպ ուշադրության համար և դեսպանին ներկայացրել մարզային կյանքի տարբեր ոլորտներում իրենց վերջին հանդիպումից հետո տեղի ունեցած փոփոխություններն ու զարգացումները։


 

Պատրիկ Սվենսոնին, մասնավորապես, հետաքրքրում էին սոցիալ-տնտեսական ոլորտում իրականացվող ծրագրերն ու առաջընթացը, որոնք ապահովվում են պետական, մասնավոր ու միջազգային ներդրումների միջոցով։


 

Ռոբերտ Ղուկասյանը բարձրաստիճան դիվանագետի հետ խոսել է տարբեր ենթակառուցվածքների զարգացմանն ու նորերի ստեղծմանն ուղղված աշխատանքների մասին ևս, որոնցից ամենախոշորը Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Սյունիքով անցնող հատվածների կառուցումն է։


 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու կողմի համար հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ, որոնք վերաբերում էին ներքաղաքական, արտաքին կապերի, անվտանգային, վերջնական կայուն խաղաղության հաստատման և այլ հարցերի։


 

Պատրիկ Սվենսոնը ներկայացրել է առաջիկայում շվեդական տարբեր գործակալությունների կողմից նախատեսվող ծրագրերը։


 

Նա հավելել է, որ Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացմանն աջակցելը շարունակում է մնալ իր երկրի կառավարության առաջնահերթությունների շարքում։