Անձնական խնդիր ունի. Վալոդյա Գրիգորյանը սպառնալիքներով պարտադրում է ՀՈԱԿ-ի աշխատակիցներին ազատման դիմում գրել՝ ՔՊ-ին սատարելու համար

Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը սկսել է համայնքապատկան կազմակերպություններից ազատել ընտրությունների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ձայն տված, իրեն չաջակցած աշխատակիցներին։ Չնայած Գրիգորյանը հայտարարել էր, թե կադրային ջարդ չի իրականացնելու, սակայն ընտրվելուց հետո անցել է ՀՈԱԿ-ների աշխատակիցներին հեռացնելու գործին, ինչի իրավունքն ուղղակի չունի։ Մասնավորապես՝ Փարաքարի սպորտդպրոցում 21 տարի որպես ֆուտբոլի մարզիչ աշխատած Արմեն Գևորգյանին Վալոդյա Գրիգորյանը պարտադրում է ազատման դիմում գրել, հակառակ դեպքում կազատի սպորտդպրոցի 25 աշխատակցի։ Ավելին՝ Վալոդյա Գրիգորյանը սպառնացել է նաև լուծարել սպորտդպրոցը։ Այսօր վերջին մարզումն է եղել, Արմեն Գևորգյանը՝ մարզիչը, պատրաստվում է ազատման դիմում գրել։


«ՔՊ-ին եմ սատարել, զանգեցին ասացին՝ եթե դիմում չգրեցիր, սպորտդպրոցի 25 աշխատակցի կազատենք աշխատանքից։ Սա խայտառակություն է։ Սպորտդպրոցի տնօրենը զանգել ասում է՝ Գևորգյան ջան, եթե դիմում չգրես, կլուծարի դպրոցը։ Հնարավո՞ր է այդպիսի բան։ Չգիտեմ։ Երեխաները այսօր ծափերով էին ճանապարհում ինձ, երբ իմացան, որ պատրաստվում եմ դիմում գրել»,- ասաց մարզիչը։


2022 թվականին է սպորտդպրոցում ֆուտբոլի մարզադաշտ կառուցվել, երբ Արմեն Գևորգյանը խնդրանքով դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։


«Երկու բարձրագույն կրթություն ունեմ՝ ֆիզկուլտինստիտուտն ու Օլիմպիականն եմ ավարտել, լիցենզավորված մարզիչ եմ, ու այսօր աշխատանքից ազատում են՝ առանց պատճառի, առանց նկատողությունների։ Ուղղակի անձնական խնդիր ունեն՝ վերջին կրակոցները կապված էին իմ հարազատների հետ, որին Վալոդյա Գրիգորյանի եղբայրը ներքաշված էր։ 21 տարի աշխատել եմ այստեղ, 40 աշակերտ ունեմ, սա աբսուրդ է»,- ասաց նա։


Արմեն Գևորգյանը եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, հանդես է եկել Գյումրիի «Շիրակ»-ում։ Այժմ լիցենզավորված մարզիչ է։ 21 տարի աշխատում է Փարաքարի սպորտդպրոցում, ունի 40 մարզիկ, ազգային հավաքականին ֆուտբոլիստներ է «մատակարարել»։


«Ներկա դրությամբ Մերձավանից ֆուտբոլիստներ եմ տալիս «Նոա» ֆուտբոլային ակումբին, հավաքականին։ Թիմ եմ ունեցել՝ 98 թվերը Հայաստանի չեմպիոն է դարձել, փոխչեմպիոն, 5 հատ գավաթ ենք նվաճել՝ դաշտ չունենալով, քարի, հողի մեջ էդ երեխեքը դառել են Հայաստանի չեմպիոն, փոխչեմպիոն։ Ես ուղղակի չգիտեմ ինչ անել, ում դիմել, երեխեքն ասում են՝ ընկեր Արմեն, դուրս մի արի, բայց իմ պատճառով էլ սպորտդպրոցի անձնակազմին ու տնօրենին է «խեղդում»»,- ասաց մարզիչը։

 

Վովա Հակոբյան