Դատարանը չեղարկել է համայնքապետի որոշումը, որով նա իր աշխատակցին կարգապահական տույժի էր ենթարկել

2025թ․-ի հունվարին Թ․Մ․-ն իր աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցով դիմել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակ։ Վերջինս կարգապահական տույժի էր ենթարկվել X համայնքի համայնքապետի կողմից՝ իբրև թե աշխատանքային պարտականությունները չկատարելու պատճառով։


Տրված տույժը թվով երկրորդն էր, և ևս մեկը ստանալու դեպքում Թ․Մ․-ն աշխատանքից կազատվեր, հայտնում են ՀՔԱՎ-ից: 


Համայնքապետը պատճառաբանել էր տույժի կիրառումը՝ իր տված հանձնարարականները չկատարելով, մինչդեռ Թ․Մ․-ն հանձնարարականներ չէր ստացել, քանի որ այդ ժամանակահատվածում գտնվել էր արձակուրդում և պատշաճ կերպով չէր տեղեկացվել հանձնարարականի վերաբերյալ։  


ՀՔԱՎ գրասենյակը և Կազմակերպության իրավաբան Սամսոն Գալստյանը 2025թ․-ի հունվարից ստանձնել են Թ․Մ․-ի աշխատանքային իրավունքների պաշտպանությունը․ Հայցադիմում է ներկայացվել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ Դատարանը ապրիլի 28-ին վճիռ է կայացրել, որով անվավեր է ճանաչել համայնքապետի որոշումը։ Վերոնշյալ որոշումը ոչ իրավաչափ էր, կայացվել էր Սահմանադրության և օրենքների խախտումներով։ 


Մասնավորապես՝ 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մինչև կարգապահական տույժի կիրառումը՝ գործատուն պետք է աշխատողից գրավոր կերպով պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն՝ տրամադրելով ողջամիտ ժամկետ: 


Եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում գրավոր բացատրություն, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց գրավոր բացատրության: