Էկոնոմիկայի նախարարությունը, ի պատասխան մամուլում շրջանառվող տեղեկության, թե ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման ծրագրի շրջանակներում նախարարությունը ծախսել է 3,8 մլրդ դրամ, որից հետո նոր հասկացել է, որ ծրագիրն անարդյունավետ է, պարզաբանել է․
«Նախ՝ վերը նշված ծրագիրը գործում է 2022 թվականից, որի իրականացման պատասխանատուն ի սկզբանե հանդիսացել է «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Գևորգ Պապոյանի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո այն փոխանցվել է նախարարությանը, և նախարարի կողմից անմիջապես հանձնարարվել է անցկացնել մոնիթորինգ ծրագրի արդյունավետության գնահատման վերաբերյալ։
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տնտեսության զարգացման վրա դրա ազդեցությունը եղել է ի սկզբանե ակնկալվածից ցածր, ինչը հիմք է հանդիսացել կայացնել որոշում առկա ծրագրի հետագա գործողության դադարեցման վերաբերյալ։ Նախարարի կողմից հանձնարարվել է սույն ծրագրով նախատեսված պետական միջոցներն ուղղել գերակա այլ ուղղությունների, որոնց պահանջարկը քաղաքացիների շրջանում մեծ է, արդյունավետությունը՝ ավելի բարձր։
Ինչ վերաբերում է ծրագրի շրջանակներում արդեն իսկ վճարված գումարներին՝ կրկին նախարարի հանձնարարականով, նախատեսվում են իրականացնել հաշվարկների ճշգրտում։
Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի համար պետական միջոցների արդյունավետ օգտագործումը առաջնային է և ենթակա չէ քննարկման»։