Հին բարքերը առաջ տանել թույլ չենք տա․ Փարաքարում տեղի է ունեցել ավագանու արտահերթ նիստ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար  համայնքի ավագանու արտահերթ նիստ։ Նիստին ներկա էին բոլոր երեք խմբակցությունների անդամները։


Օրակարգում ներառված էր 9 հարց, որոնցից բոլորն էլ այսօր ավագանու որոշմամբ ընդունվեցին։


Օրակարգի որոշ հարցերի շուրջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները քվեարկեցին կողմ, որոշներին՝ ձեռնպահ։  


Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին հարցի քննարկման ժամանակ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  անդամ Կարեն Գրիգորյանը հետաքրքրվեց, թե կա՞ արդյոք ընդգծված ռազմավարություն, ըստ որի՝ քայլեր են ձեռնարկվում հաստիքացուցակի փոփոխության համար, և տվյալ փոփոխությամբ ինչ է նախատեսվում, որն  է առաջնահերթությունը, ինչպես նաև հետաքրքրվեց՝ եթե համայնքապետը խոստացել էր, որ աշխատավարձը ամբողջ կառավարման ընթացքում չի ստանալու, ինչո՞ւ է նրա հաստիքը ներառված հաստիքացուցակում։   


Ի պատասխան՝ հարցը զեկուցող Քնարիկ Մելքոնյանն ասաց, որ այստեղ ունեն բաժինների միավորում, որի արդյունքում տնտեսվում է որոշակի աշխատավարձի ֆոնդ։


 «Ունենք ազատ հաստիքներ, որոնք այդ միավորման արդյունքում կհամալրեն, ու նոր աշխատակիցների ընդունման կարիք  չենք ունենա։ Ընդհանուր առմամբ էական փոփոխության չի ենթարկվել հաստիքացուցակը»,- ասաց Քնարիկ Մելքոնյանը։


Մեզ հետ զրույցում Կարեն Գրիգորյանը, խոսելով օրակարգում ներառված ու արդեն հաստատված սուբվենցիոն հայտերի մասին, ասաց. «Մեզ համար առաջնայինը այն է, որ Փարաքար խոշորացված համայնքում տեղի ունենան զարգացումներ։ Իհարկե Փարաքարի համայնքապետարանում ունենք ձևավորված մեծ բյուջե, ծրագրեր ունենք հաստատված՝ մեծ քանակությամբ, անկախ նրանից՝ ում կառավարման օրոք կլինի, մեր խմբակցության խնդիրն է, որ այդ ծրագրերը կյանքի կոչվեն, որովհետև դրա շահառուն համայնքի բնակիչն է»։


Այսօրվա նիստի օրակարգում էր նաև համայնքապետի առաջին տեղակալի հարցը, որպես թեկնածու առաջարկվեց Անյուտա Սաֆարյանը, և քվեարկության արդյունքում նա միաձայն ընտրվեց։


Օրերս Փարաքարի մարզադպրոցում 21 տարի որպես ֆուտբոլի մարզիչ աշխատած Արմեն Գևորգյանը տեղեկացրել է, որ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանն իրեն պարտադրում է ազատման դիմում գրել, հակառակ դեպքում կազատի սպորտդպրոցի 25 աշխատակցի։ Վերջինս տեղեկացրել է, որ ինքը ընտրությունների ժամանակ սատարել է «Քաղաքացիական պայմանագրին»։


 Այս առնչությամբ Կարեն Գրիգորյանն ասաց, որ քաղաքական դրդապատճառներից ելնելով չպետք է որևիցե անձ աշխատանքից ազատվի։


«Ասեմ ավելին, այն աշխատակիցները, ովքեր իրենց ազատման հիմքում քաղաքական մոտիվներ են տեսնում, ես խնդրում եմ դիմել ինձ, ու այդ հարցի շուրջ մենք ավելի խորացված մոտեցում կցուցաբերենք։ Ես կարծում եմ, որ Վալոդյա Գրիգորյանի հայտարարությունները մինչ ընտրությունների օրը և կառավարման ընթացքում պետք է լինեն համահունչ, մեկը մեկի շարունակությունը, և այստեղ տարաձայնություններ պետք է չլինեն։ Նման գործելաոճը հատուկ է նախկին ժամանակահատվածում գործող իշխանություններին։ Վալոդյա Գրիգորյանը «Ապրելու երկիր» կուսակցության անդամ է, ես հուսով եմ, որ ընդհանուր մեթոդաբանության մեջ այսուհետ փոփոխություն կարվի, չեմ ուզում պատկերացնել, որ մենք հին բարքերն ենք տանելու առաջ, որովհետև գործող քաղաքական իշխանությունը թույլ չի տա նման բարքերով առաջ գնալ»,- ասաց Կարեն Գրիգորյանը։


Ի դեպ, Վալոդյա Գրիգորյանն այսօր չցանկացավ մեզ հարցազրույց տալ՝ նշելով, որ կխոսի մեկ այլ օր։       


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան