Մեր հյուսիսային հարևանի կողմից Հայաստան մեծ գումար է մտնում. ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմ է տարվում. ԱԺ նախագահ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ ՀՀ-ում մեծ գումարներ են ծախսվում, որոնք հիմնականում գալիս են դրսից, մասնավորապես, մեր հյուսիսային հարևանի կողմից։


«Ես հասկանում եմ՝ մեծաքանակ փող է ծախսվում տարբեր տեղերից, մասնավորապես, հյուսիսային մեր հարևանի՝ ՌԴ կողմից»,- հայտարարել է Սիմոնյանը՝ հավելելով, որ ՀՀ հանդեպ տարվում է հիբրիդային պատերազմ. «Այդ հիբրիդային պատերազմը մեկ ակտիվանում է, երբ, օրինակ, ռուսական հեռուստաալիքներով տարբեր մեկնաբաններ, հաճախ հեռու-հեռու հայկական ազգանունների նշմարում ունեցող մարդկանցով, փորձում են ՀՀ-ում իշխանություն փոխել, միտինգների անոնսներ անել, և դա, ասեմ, զգուշացնեմ՝ 2026թ․ ավելի է ակտիվանալու։ Եւ չեմ վախենում բարձրաձայնելուց՝ դա հակառակ ազդեցությունն է ունենալու, և ձեր ասած X վարկանիշը, որ ունի իշխանությունը, կրկնապատկելու է»։


Հարցին՝ ՀՀ-ում հեղաշրջման վտանգ տեսնո՞ւմ է՝ ԱԺ նախագահը բացասական պատասխան տվեց.«Ես նման վտանգ չեմ տեսնում որևիցե մեկի կողմից, քանի որ ես վստահում եմ ՀՀ ժողովրդին։ Ու սրանք ինձ համար լոկ խոսքեր չեն։ Ես սա կարող եմ ասել՝ հենվելով փորձի վրա, քանի որ 2020 թվականի պատերազմի ավարտից սկսած՝ ՀՀ-ում իշխանություն  փոխելը տարբեր բևեռների կողմից եղել է գերնպատակ»։


Ալեն Սիմոնյանը չի կարծում, թե Նիկոլ Փաշինյանը ՌԴ-ի համար անցանկալի ղեկավար է.«Մեզ հակառակն են ասում մեր գործընկերները»։