Ինչքան ուզում է Քոչարյանին սրբագրեն, այդ մարդը ատում է Հայաստանը

Սերժ Սարգսյանը Հայկական համալսարանի ունկնդիրների և դասախոսների հետ է հանդիպել և հանդիպման ժամանակ հայտարարել է, թե իրենք վարչապետի թեկնածու չեն առաջադրում, որովհետև այսօր չեն լուծում վարչապետի հարց, այլ ուզում են իշխանափոխություն։ Մինչդեռ նրա կողմնակիցները ևս սկսել են իմպիչմենտի օրակարգն  առաջ մղել։


Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հետ։ 


 «Ինձ թվում է՝ դա ավելի շատ ընդդիմադիր արևի տակ կայուն տեղ ունենալու համար է և ոչ թե իշխանության, որովհետև իմպիչմենտի համար կա օրենքով սահմանված, Սահմանադրությամբ համապատասխան թվով պատգամավորների ստորագրություն, որ իրենք չունեն։ Այսինքն՝ ըստ էության, մեռելածին գործընթաց է։ Երկրորդը. ինձ շատ հետաքրքիր է՝ այս Հայկական համալսարանի հանդիպումները, որ տեսա Սերժ Սարգսյանն էլ է հանդիպել, մտածեցի, որ արժի՝ մենք էլ հանդիպենք։ Հուսամ՝ կազմակերպիչները բավարար համարձակություն կունենան և կհրավիրեն մեզնից ինչ-որ մեկին այդ հանդիպմանը, որովհետև այլապես կստացվի, որ կոնկրետ քաղաքական շահ են սպասարկում։ Եվ վերջում ասել է՝ մենք իշխանափոխություն ենք ուզում, ոչ թե պաշտոն։ Տրամաբանականն այդ դեպքում այն է, որ պետք է ընտրությունների մասնակցել և փոխել իշխանություններին՝ ընտրությունների միջոցով, որովհետև 2018 թվականից այս կողմ Սահմանադրության 2-րդ հոդվածը սկսել է գործել, ի տարբերություն մինչև 2018 թվականի»,- ասաց Արսեն Թորոսյանը։


Որոշակի ժամանակ առաջ էլ Հայկական համալսարանի ունկնդիրների հետ հանդիպել էր Ռոբերտ Քոչարյանը և հայտարարել, որ  44-օրյա պատերազմը հրահրել են Հայաստանի իշխանությունները, դրանից առաջ նշելով՝ հայերը, բացի դրանից, նա նշել է, որ 150 հազար արցախցիներով վեց միլիոնանոց ադրբեջանցիների դեմ կռվեցին։ Այս առնչությամբ պատգամավորն ասաց, որ ինքը շատ է ափսոսում, որ անկախ այդ մարդու անուն-ազգանունից՝ նման մտածելակերպ ունեցող մարդը երբևէ որևէ պետական պաշտոն է զբաղեցրել, էլ չասած նախագահ, մինչև այդ վարչապետ, մինչև այդ ԼՂ նախագահ։


«Այդ մտքերը պարզապես թյուրիմացություն են, պետականության հետ որևէ աղերս չունեցող մտքեր են։ Այսինքն՝ ինչքան դատարկ պետք է լինես, որ տենց բաներ ասես՝ 150 000-ը վեց միլիոնի դեմ, բա Հայաստանի Հանրապետությունը՝ իր հազարավոր զոհերով, իր տնտեսական միլիարդանոց աջակցությամբ, երբ որ շատ ծրագրեր չէին արվում, բայց էդ գումարներն ուղղվում էին ԼՂ-ում թե՛ պաշտպանական, թե՛ նաև տնտեսական հարցեր լուծելուն։ Ինչ վերաբերում է պատերազմը մեր կողմից հրահրելուն, հա, Ալիևն էլ է նույն բանն ասում, և փաստացի տենց կոմունիստական հին անցյալով իրար կապված լինելով՝ համատեղ, սինխրոն ծափ են տալիս այդ բանի վրա: Եվ ենթադրում եմ՝ ինքը նաև շատ ուրախ է, որ մենք պարտվել ենք այդ պատերազմում, որովհետև ձեռքերը փորձեցին տաքացնել այդ կրակի վրա, շագանակներ հանել այդ կրակից, որն իհարկե մեր ժողովրդի իմաստնության շնորհիվ չստացվեց»,- հավելեց պատգամավորը։


Մանրամասն՝ տեսանյութում