«Հանուն Հանրապետության» կուսակցության
արտաքին գործերի քարտուղար Առնոլդ Բլեյանի կարծիքով՝ Հայաստանը միակ պետությունը չէ,
որի դեմ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է վարում։
Մյուս բոլոր պետությունները,
ըստ մեր զրուցակցի, «մարզված են» և արդեն գիտեն՝ ինչ պետք է անել: «Պարոն Սիմոնյանը նույնպես
գիտի՝ ինչ պետք է անել։ Այն բերանը, որով Ռուսաստանը խոսում է ՀՀ քաղաքացիների հետ,
պետք է փակվի։ Խոսքը մուլտիպլեքսում հեռարձակվող այն երեք հեռուստաալիքների մասին է,
որ չպետք է հեռարձակվեն մեր օրենսդրությամբ։ Դա տեղի է ունենում միջկառավարական համաձայնագրի
հիման վրա, բայց այն պետք է չեղարկվի»,-Civic.am-ի հետ զրույցում ասաց Բլեյանը՝ խոսելով
ԱԺ նախագահի այն հայտարարության մասին, թե Ռուսաստանը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ
է վարում։
Մեր զրուցակիցը համաձայն է նաև ԱԺ նախագահի այն հայտարարության
հետ, թե Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանի շպիոնն է. «ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը
համաձայն է այդ հայտարարության հետ։ Ես քանիցս այդ մասին հայտարարել եմ, և դա նորմալ
է, բայց երբ Ազգային ժողովի նախագահն է այդ մասին հայտարարում, դա նշանակում է, որ
հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, և իրավապահ մարմինները պետք է գնան այդ ուղղությամբ»,-նկատեց
նա։
Առնոլդ Բլեյանի դիտարկմամբ՝ պատահական չէ նաև ընտրություններից
մեկ տարի առաջ ՌԴ-ի կողմից Հայաստանում իր շահերը սպասարկելու կուրատոր նշանակելը։
Ըստ նրա՝ եթե այսօր իշխանության լինեին նախկին նախագահները, նման կուրատորի կարիք չէր
լինի: «Պատկերացնո՞ւմ եք ԱՄՆ-ն այստեղ կուրատոր նշանակեր, որ ընտրություններին որևէ
ուժ սպասարկեր Դոնալդ Թրամփի շահերը»,- հարցադրում արեց նա։
Բլեյանը նշեց՝ իշխանության ռեյտինգն էլ ավելի կբարձրանա, եթե
գնան կոշտ քայլերի ու փակեն այն բերանները, որոնք խոսում են Հայաստանի պետականության
դեմ: «Ընդ որում, քաղաքացիների հիմնական դժգոհությունն
իշխանություններից այն է, որ այն խոսող բերանները, որոնք օրենսդրորեն պետք է 2018-ից
դուրս բերվեին քաղաքական դաշտից, դեռ ակտիվ են»,- եզրափակեց նա։
Մարիամ Գրիգորյան
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում