Ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի դիրքորոշումը Հնդկաստան֊Պակիստան հակամարտության վերաբերյալ․ Թաթիկյան

Միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերի մասնագետ Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի դիրքորոշումը Հնդկաստան֊Պակիստան հակամարտության վերաբերյալ։


Հաշվի առնելով Հնդկաստան֊Պակիստան հակամարտության բարդությունը, Կաշմիրի ու Արցախի հիմնահարցերի միջև որոշ նմանությունները, արժեքային տեսանկյունից դժվարին կլինի միանշանակ հայտարարություն անել այս պահին նրանց միջև զինված բախման մասին։ Սակայն վերջերս ավելի ու ավելի սովորական է դառնում այն, որ պետությունները դիրքորոշումներ որդեգրելիս երկակի ստանդարտներով են առաջնորդվում, այլ ոչ թե արժեքային համակարգով։ Օրինակ՝ Ադրբեջանը սկսել է Հյուսիսային Կիպրոսի ճանաչման գործընթացը, ինչպես նաև պաշտպանում է իր դաշնակից Պակիստանին Քաշմիրի անջատողականության հարցում։


Հաշվի առնելով, որ Հնդկաստանը մեր համար առաջին ռազմական մատակարարն է ու պոտենցիալ ռազմավարական գործակիցը, իսկ Պակիստանը աշխարհի միակ երկիրն է, որն անգամ Հայաստանի գոյությունը որպես անկախ երկիր մինչև այժմ չի ճանաչում և Ադրբեջանին ցուցաբերել և ցուցաբերում է մաքսիմալ քաղաքական ու ռազմական աջակցություն, կարծում եմ, որ Հայաստանի դիրքորոշումը պետք է լինի նույնը, ինչ Իսրայելինը, այսինքն՝ միանշանակ աջակցություն Հնդկաստանի ինքնապաշտպանության իրավունքին։


Ավելացնեմ մի լավ լուր. Ըստ ռազմական փորձագետների, անցյալ գիշեր հնդկական AKASH հակաօդային պաշտպանության համակարգը, որը Հայաստանը ձեռք է բերել, հաջողությամբ դիմակայել է պակիստանյան JF-17 ռազմական կործանիչներին, որը Պակիստանը կիսել է Ադրբեջանի հետ։