Կոռուպցիան համարում ենք մեր ազգային անվտանգությանը սպառնալիք. Արմեն Գրիգորյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով՝ ԱԽ գրասենյակը հավաքագրում է կոռուպցիայի մասին այն բոլոր հրապարակումները, որոնք տեղ են գտել մամուլում և որոնց մասին խոսել է վարչապետը։

 

«Կոռուպցիայի մասին մամուլում տեղ գտած բոլոր հրապարակումները հավաքագրվում են։ Մեր հիմնական ուշադրությունը, բնականաբար, նաև կառավարության անդամների, ՏԻՄ մարմիններում աշխատող քաղաքացիներին վերաբերվող հրապարակումները։ Այսինքն, բոլոր այն հրապարակումները, որոնք, ամենայն հավանականությամբ, դուք էլ եք տեսնում, մենք հավաքագրում ենք ու զեկուցում ենք վարչապետին»,- ասաց Արմեն Գրիգորյանը։ 

 

Անդրադառնալով հարցին, թե ՀՀ անվտանգության խորհուրդը ի՞նչ կապ ունի կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ մամուլի հրապարակումները հավաքագրելու հետ՝ ԱԽ քարտուղարը նշեց. «Կոռուպցիան մենք համարում ենք սպառնալիք մեր ազգային անվտանգությանը։ Քանի որ կոռուպցիայի դեմ պայքարը կառավարության համար առաջնահերթություն է, անվտանգության խորհուրդը նաև դրա շրջանակներում է աշխատանքներ կատարում»։