ԱԺ անկախ պատգամավոր, ՔՊ խմբակցությունից ամիսներ առաջ հեռացված Հովիկ Աղազարյանը, ինչպես նաև նրա մեկ այլ գործընկեր՝ նույնպես նախկին ՔՊ-ական, այժմ անկախ պատգամավոր Հակոբ Ասլանյանը մտադիր են իմպիչմենթի գործընթաց սկսել՝ անվստահություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նման գործընթաց սկսելու կոչով է օրերս հանդես է եկել նաև արտախորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս Սերժ Սարգսյանի աջակիցներ Նարեկ Մալյանի և Էդգար Ղազարյանի։ Civic.am-ի հետ զրույցում քիչ առաջ Հովիկ Աղազարյանը, ի պատասխան դիտարկման՝ փաստորեն, միանում եք Նարեկ Մալյանին և Էդգար Ղազարյանին՝ անվստահություն հայտնելով ձեր նախկին կուսակցական ղեկավարին, արձագանքեց․ «Մենք ոչ մեկին չենք միանում»։ «Այսինքն, սա ձեր անձնական նախաձեռնությո՞ւն է»՝ ճշտմանը՝ պատգամավորը պարզաբանեց․ «Ոչ, ոչ թե մեր անձնական նախաձեռնությունն է, այլ մենք միանում ենք այդ՝ ձեր ասած ընդդիմության կոչին, դիմումին»։ Աղազարյանը նշեց, որ մայիսի 20-ին կներկայացնեն վարչապետի թեկնածուին՝ անունը կհայտարարեն, և հենց այս օրվանից էլ կսկսեն գործընթացը խորհրդարանում։
-Իսկ ո՞վ է լինելու ձեր
վարչապետի թեկնածուն։ Ծանո՞թ անուն է։
-Ծանոթ է լինելու, իհա՛րկե։
-Իսկ կարո՞ղ է Դուք եք
լինելու թեկնածուն։
-Չէ։ Այսինքն, ոչ թե չէ, այլ դեռ չենք որոշել, ամսի
20-ին կհայտարարենք։
-Պարոն Աղազարյան,
«Հայաստան» խմբակցության պատգամավորները, ի տարբերություն Ձեզ, արձագանքելով
Մալյանի և Ղազարյանի կոչին հայտարարել են, թե իմպիչմենտի գործընթաց սկսելը անպտուղ
գործ է՝ խորհրդարանում առկա ուժերի հարաբերակցությունը հաշվի առնելով։ Կարճ ասած՝ գործընթացը նախաձեռնելու և այն իր տրամաբանական ավարտին հասցնելու համար
ընդդիմությունը չունի անհրաժեշտ քվեներ, ստիպված եք լինելու անհրաժեշտ ձայներ
ստանալու համար ՔՊ-ի «դուռը գնալ»։ ՔՊ-ից
էլ, գիտենք, դժվար թե ձեզ միացողներ լինեն։ Այս հաշվարկը, հանգամանքը հաշվի առե՞լ
եք։
-Գիտեք ինչ կա՝ ամեն մի նախաձեռնություն իր նպատակն է
հետապնդում։ Եվ եթե դու նստես, քննարկես՝ հաջողության կհասնես, թե չես հասնի, ինչ կշահես,
ինչ չես շահի, ապա որևէ քայլ չես կարող կատարել։ Իսկ եթե գտնում ես, որ դա քո մոտ
արդեն ընդունված, ճշգրտված տեսակետ է և կարծում ես, որ դա ճիշտ քայլ է, ապա դու
անում ես քեզնից կախված ամեն ինչը։ Եվ եթե աշխարհում և կյանքում և
հանրապետությունում և ԱԺ-ում և
Կառավարությունում և արտախորհրդարանական ընդդիմության շարքերում յուրաքանչյուրն
անի այն ամենն, ինչը իրենից կախված է, ապա ամեն ինչ իր տեղը կընկնի։ Հիմա մենք
տվյալ դեպքում փորձում ենք անել այն, ինչը որ մեզանից է կախված։ Թե ինչ
աջակցություն կունենա կամ չի ունենա, արդեն դա բոլորովին այլ խնդիր է։
-Իսկ ինչո՞ւ հիմա
որոշեցիք նման նախաձեռնությամբ հանդես գալ։ Շատերն ասում են, որ Ձեր մեջ կուտակված
վրեժ կա ՔՊ-ի և ձեր երբեմնի կուսակղեկի՝ վարչապետ
Նիկոլ Փաշինյանի հանդեպ։ Գուցե
պատճառներն ա՞յլ են։
-Իմ մոտ ՔՊ-ի նկատմամբ վրեժ չկա, «Քաղաքացիական
պայմանագրի» պատգամավորների 80 տոկոսի հետ ես հպարտ եմ եղել ճանապարհ անցնել՝
դժվարագույն ճանապարհ։ Կուսակցության այսպես ասած հին կազմի և այլ անդամների հետ
նույնպես երջանիկ եմ եղել ճանապարհ անցնելու։ Ես անձամբ գտնում եմ, որ վարչապետը
երկիրը ղեկավարելով երկրի ծանրագույն
ժամանակահատվածում իրեն սպառել է
բարոյապես, ֆիզիկապես, հոգեպես և պետք է տեղի ունենա փոփոխություն, էդքան բան։ Դա
իմ կարծիքն է, որը կարող է նաև սխալ լինել։
-Դուք փորձառու գործիչ
եք, և յուրաքանչյուր քաղաքական քայլ
անելիս պետք է որ դրա տակ հաշվարկ դրած լինեք՝ արդյոք տվյալ քայլը կհասնի իր
տրամաբանական ավարտին։ Հիշո՞ւմ եք ՝ 2022-ին էլ՝ Դիմադրության շարժման օրերին,
նման մի նախաձեռնություն խորհրդարանական ընդդիմությունը փորձեց անել, սակայն «կես
ճամփին» մնաց․․․
-Դուք չեք կարող իմանալ իմ մասնակցությամբ նաև նախաձեռնության
շարժառիթները, նպատակները․․․Միգուցե նպատակներ կան, որոնց ես կհասնե՞մ էս ամեն
ինչի արդյունքում, որն իմ համար ավելի կարևոր է, քան բուն՝ վարչապետի
փոփոխությունը։
-Ինչի մասին է խոսքը,
կանկեղծանա՞ք։
-Չեմ կարող ասել, այ դա չեմ ասի, քանի որ գտնում եմ,
որ չի կարելի ասել։
-Լավ, իսկ «Հայաստան» -ն
ու ՊՈՒ-ն, ըստ Ձեզ, կմիանա՞ն Ձեր
նախաձեռնությանը, թե՞ էստեղ էլ «իմն ու քոնը» կանեն։
-Դատելով իրենց հայտարարություններից՝ պիտի որ
միանան։ Ես չեմ կարող իրենց փոխարեն պատասխանել, բայց ըստ իրենց
հայտարարությունների՝ իրենք պետք է որ միանան։
Հեղինե Մանուկյան