Վարչապետը Տիրանայում զրույցներ է ունեցել Մակրոնի, Ֆրիդրիխ Մերցի,Դոնալդ Տուսկի և արտերկրի այլ գործընկերների հետ

Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրույցներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ:


Վարչապետ Փաշինյանը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ զրույցում նախ շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա փոխգործակցության զարգացմանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը վերաբերող հարցեր:


Նիկոլ Փաշինյանը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ քննարկել է տարածաշրջանային գործընթացներին, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին վերաբերող հարցեր:


Ավստրիայի Դաշնային կանցլեր Քրիստիան Շտոկերի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան-Ավստրիա հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող թեմաներ:


Նիկոլ Փաշինյանը և Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենն անդրադարձել են Հայաստան-ԵՄ փոխգործակցության հետագա զարգացմանն առնչվող թեմաների:


ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիլիօղլուի հետ մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ:


Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույցներ է ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանի, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի, Շվեյցարիայի նախագահ Կարին Կելլեր-Սութերի, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի, Մոնակոյի արքայազն Ալբեր Երկրորդի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի, Անդորրայի վարչապետ Չավիեր Էսպոտ Սամորայի և այլ գործընկերների հետ: