Միասին կարող ենք էական ներդրում ունենալ կենսաբազմազանության պաշտպանությանն ուղղված համաշխարհային ջանքերում. վարչապետ

Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով, որը հրապարակվել է Կենսաբազմազանության կոնվենցիայի քարտուղարության պաշտոնական կայքում:


Ուղերձում, վարչապետը նշել է.


«Հարգելի տիկնայք և պարոնայք,


Հայաստանի Հանրապետության Կառավարության անունից ջերմորեն ողջունում եմ ձեզ 2025 թվականի Կենսաբազմազանության միջազգային օրվա այս հաճելի առիթով։


Կարևոր է խորհրդածել կենսաբազմազանության և բնական միջավայրի առջև ծառացած հրատապ մարտահրավերների մասին, որոնք էկոհամակարգային ծառայությունների մատակարարներ են և կարևորագույն նշանակություն ունեն մարդկության գոյատևման համար։


Այս տարվա «Բնության հետ ներդաշնակություն և կայուն զարգացում» կարգախոսն ընդգծում է կենսաբազմազանության կորստի կասեցման և շրջադարձման մեր համատեղ հանձնառությունը՝ որպես կայուն զարգացման հիմնական նախապայման, և վերականգնելու սերունդների միջև տնտեսական, սոցիալական և բնապահպանական կարիքների արդար հավասարակշռությունը։


Հայաստանը բարձր է գնահատում Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի, դրա արձանագրությունների և Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի կենսական դերը՝ որպես կենսաբազմազանության պահպանման, շրջակա միջավայրի կայուն օգտագործման և օգուտների արդարացի բաշխման մեր գլոբալ ջանքերի անկյունաքարեր՝ բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների, երիտասարդության, կանանց, քաղաքացիական հասարակության և ակադեմիական աշխարհի լիարժեք, ակտիվ և իմաստալից ներգրավվածությամբ։


Որպես 2026 թվականին Երևանում կայանալիք կենսաբազմազանության COP17-ի հյուրընկալող և նախագահող երկիր` Հայաստանը հույս ունի նպաստել կոնվենցիաների, դրանց արձանագրությունների և գլոբալ շրջանակի նպատակների առաջխաղացմանը։


Մենք պատրաստ ենք COP17-ի ընթացքում խթանել ներառական և արդյունքի վրա կենտրոնացած բազմակողմանի երկխոսությունը կառավարությունների և ոչ կառավարական շահագրգիռ կողմերի միջև կենսաբազմազանության առջև ծառացած հրատապ մարտահրավերների և արդյունավետ գլոբալ գործողությունների վերաբերյալ։


Մենք վստահ ենք, որ միասին կարող ենք էական ներդրում ունենալ կենսաբազմազանության պաշտպանությանն ուղղված համաշխարհային ջանքերում՝ մեր մոլորակի համար համատեղ պատասխանատվության ոգով»։