«2026 թվականի ընտրություններին ընդառաջ վերաբացվել են բոլոր ընդդիմադիր «լարյոկները», որոնք փակվել էին 2021 թվականի ընտրությունների արդյունքների սառը ցնցուղից հետո։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։
«Այս վերաբացված «լարյոկները» մշտական հիմունքներով գործողների հետ միասին այժմ լծված են Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև էական, ես կասեի նույնիսկ կոնցեպտուալ «տարբերությունների» վերհանմամբ։ Պարզվում է՝ բաժանարար գծերը սկսվում են նրանից, թե արդյոք 2018 թվականի Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը պետք էր դադարեցնել կրկնելով Մարտի 1-ը, թե ոչ և ավարտվում նրանով, թե, չեմ չափազանցնում, ինչպիսի դեր է ունեցել Արթուր Բաղդասարյանը հայոց նորագույն քաղաքական կյանքում։
Ի հեճուկս վերհանված մեկ միլիոն «տարբերությունների» այս «լարյոկները» աշխատացնողները չեն կարող բաժանարար գիծ մոգոնել առնվազն մի հարցում, որ միավորում է Հայաստանի երկու նախկին ղեկավարներին․ երկուսն էլ սարսափելի վատ կարծիք ունեն Հայաստանի ժողովրդի ինքնակառավարվելու ունակությունների մասին և հավատում են Հայաստանի բացառապես արտաքին կառավարմանը»,- գրել է նա։