Հունիսի 1-ից Լիտվա չեն կարող մուտք գործել ՌԴ քաղաքացիները, որոնք չունեն կենսաչափական անձնագիր

Ռուսական արտասահմանյան անձնագիրը, որը չի պարունակում կենսաչափական տեղեկություններ, չի համարվի Լիտվա մուտքի գործող փաստաթուղթ։


Այս որոշումը, ինչպես հաղորդվում է Լիտվայի արտաքին գործերի նախարարության կայքում, համատեղ կայացվել է Լիտվայի ԱԳՆ-ի և ՆԳՆ-ի կողմից։


Առանց կենսաչափական տվյալների անձնագրերը հեշտ է կեղծել, կարծում են Լիտվայի արտաքին գործերի և ներքին գործերի նախարարությունները։ Նման փաստաթղթերը, նրանց կարծիքով, մասնավորապես, կարող են օգտագործվել Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից՝ արտասահմանյան գործողություններ իրականացնելու համար։


Ոչ կենսաչափական ռուսական անձնագրերով ՌԴ քաղաքացիների մուտքը Լիտվա կփակվի 2025 թվականի հունիսի 1-ից։ Բացառիկ դեպքերում անձնագրի այդ տեսակով Լիտվա կարող են մուտք գորել «ժողովրդավարական ուժերի ներկայացուցիչները, ռեժիմի հակառակորդները, անկախ լրատվամիջոցների և հանրության ներկայացուցիչները», եթե, ինչպես ընդգծել է ներքին գործերի նախարարությունը, «նրանց ուղևորության նպատակը համապատասխանի Լիտվայի շահերին»։ Ընդ որում, յուրաքանչյուր նման դեպք կքննարկվի առանձին։


Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիները, որոնք ունեն բնակության թույլտվություն Լիտվայում կամ այլ երկրում, որը մտնում է ԵՄ-ի, Եվրոպական տնտեսական գոտու կամ Շենգենյան համաձայնագրի մեջ, ոչ կենսաչափական անձնագրերով կարող են մուտք գործել Լիտվա մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը: Նրանց տրվում է լրացուցիչ ժամանակ՝ իրենց անձնագրերը կենսաչափական անձնագրերով փոխարինելու համար, ասվում է Լիտվայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ: