ԱՄՆ-ը ժամանակավորապես մասամբ հանել է Սիրիայի պատժամիջոցները

ԱՄՆ-ն ձեռնարկել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման առաջին քայլը: ՄԱսնավորապես, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է պատժամիջոցների լայնածավալ մեղմացման մասին մի խումբ ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ։


Համաձայն հայտարարության՝ այս քայլը հնարավորություն կտա խթանել նոր ներդրումներ և մասնավոր հատվածի ակտիվություն՝ համահունչ Թրամփի «Ամերիկան առաջին հերթին» ռազմավարությանը։


Միաժամանակ, ԱՄՆ Պետդեպարտամենտը հատուկ արտոնություն է տրամադրել 2019 թվականի «Սիրիայի քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքի կիրառման հետ կապված՝ թույլ տալով, որ միջազգային գործընկերները և դաշնակիցները ավելի բացահայտեն Սիրիայի ներուժը։


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը 180 օրով դադարեցրել Է Սիրիայի դեմ պատժամիջոցները, որոնք ընդունվել էին 2019 թվականին, ֆինանսների նախարարությունը լիցենզիա է թողարկել, որը թույլ է տալիս ֆինանսական գործարքներ իրականացնել Սիրիայի որոշ ընկերությունների և բանկերի հետ:


«Այս արտոնությունները կհեշտացնեն բնակչությանն էլեկտրաէներգիայով, ջրամատակարարմամբ և սանիտարական պայմաններով ապահովելը, ինչպես նաև թույլ կտան ավելի արդյունավետ մարդասիրական օգնություն ցուցաբերել ամբողջ Սիրիայում»,- հայտարարել է նա: