Հայաստանի և Ադրբեջանի միջև չի լինելու պատերազմ, լինելու է խաղաղությո՛ւն. Փաշինյան

Տարածաշրջանային խաղաղության և բարեկեցության համար շատ կարևոր նախագիծը մեր նախագիծն է, որը շատ կարևոր անվանում ունի՝ «Խաղաղության խաչմերուկ»: Այդ մասին «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Այս նախագծի շրջանակում Հայաստանը առաջարկել է կոնկրետ լուծում տարածաշրջանային հաղորդակցության ուղիները երկկողմ, միջազգային և տարանցիկ շարժի համար բացելու նպատակով, և «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մի քանի կարևոր սկզբունքների վրա է հիմնված. դրանք են տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը այն պետությունների, որոնց տարածքով անցնում են ճանապարհները, հաղորդակցության ուղիները, և փոխադարձությունը, որը նույնպես շատ կարևոր սկզբունք է այս նախագծի համար, և կարող եք տեսնել, որ սա շատ կարևոր նախագիծ է՝ հաղթահարելու համար մատակարարման համաշխարհային շղթաների ճգնաժամերը»,- նշեց վարչապետը: 


Վարչապետն ընդգծեց, որ տևական և կայուն խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ միայն հնարավոր է, այլև հասանելի․ «Մենք վճռական ենք, հանձնառու ենք խաղաղության օրակարգին, մենք պատրաստ ենք շարունակել խորհրդակցություններն Ադրբեջանի հետ այն հարցում, թե ինչպես հասնել խաղաղության պայմանագրի ստորագրման կետին և այլ փաստաթղթերի ստորագրմանը, որոնք ամբողջովին և կտրականապես կփոխեն իրավիճակը և տարածաշրջանի ժողովուրդների ճակատագիրը, և մենք, իհարկե, հավատարիմ կլինենք այդ օրակարգին և ամեն ինչ կանենք, ամենը, ինչ մեզնից կախված է, իհարկե՝ հարգելով նշված սկզբունքները, և համոզմունքս այն է, որ, ի հեճուկս բոլոր փաստարկների, բոլոր սադրանքների և այլն, Հայաստանի և Ադրբեջանի միջև չի լինելու պատերազմ, լինելու է խաղաղություն, և դա շատ միանշանակ է ինձ համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: