Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օրերս տեղի ունեցած հարսանյաց միջոցառումը բուռն քննադատության է արժանացել հանրության կողմից, թե՝ ինչպե՞ս կարելի է այդ հաստատությունը տրամադրել «քեֆ-ուրախություն» իրականացնելու համար։ Նշենք, որ ամիսներ առաջ էլ՝ նախորդ տարի սեպտեմբերի 22-ին, նույն հաստատությունում տեղի ունեցավ, այսպես ասած, «քաղաքական հարսանիք»՝ «Սրբազան պայքար» կոչվող շարժման հավաքը։ Հարկ է նկատել, որ նախքան այդ՝ շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը մի գլուխ հայտարարում էր, թե համալիրի տնօրենությունը միտումնավոր չի տրամադրում մեծ դահլիճը՝ պատճառաբանելով, թե նշված օրը պետք է այլ միջոցառում տեղի ունենա։ Որոշ ժամանակ անց, սակայն, դահլիճը տրամադրվեց, հավաքն էլ «բարով-խերով» տեղի ունեցավ։ Ի դեպ, մամուլը (https://www.civic.am/news/77063) գրել էր, որ դահլիճի վարձակալման համար շարժումը վճարել է 10 մլն դրամ (ներառյալ ԱԱՀ-ն)։ Փաստորեն, երբ ընդդիմադիր հավաք է տեղի ունենում համալիրում՝ «օկ» է, իսկ երբ հարսանիք՝ «ամոթ է ու խայտառակություն»։ Ինչպես ասում են՝ ճաշակի ու վերաբերմունքի հարց է։
Թեմային
այսօր անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով՝ անհասկանալի
է այն աղմուկը, որ բարձրացել է տեղի ունեցած միջոցառումից հետո։ Կառավարության
ղեկավարը նշել է, թե Համալիրը տարիներով քանդվել-քայքայվել է, միլիարդներ են ներդրվել այն
վերականգնելու համար, սակայն դեռ չեն
կարողացել քայքայման պրոցեսը կանգնեցնել։ «Բա պետք է տնտեսվարությամբ զբաղվի, Մարզահամերգային
համալիրում ի՞նչ պետք է տեղի ունենա... հարյուրավոր ընտանիքներ գնում Դուբայում
հարսանիք են անում հետ են գալիս, իսկ որ այստեղ կարող է սննդի համակարգ աշխատել,
երաժիշտները կարող են հավելյալ գումար ստանալ... չէ՛, եկեք ձեռք չտանք, չմոտենանք
Համալիրին»,-մասնավորապես հայտարարել է վարչապետը։
Համալիրը
բաղկացած է երկու դահլիճից՝ սպորտային և համերգային։ Առաջին դահլիճը շահագործման է
հանձնվել 1983 թ., երկրորդ դահլիճը՝ 1984 թ.
հոկտեմբերին։ Վերանորոգվել է 1985-1987 թթ.։ Հաստատությունը հիմնովին նորոգվել
է 2007-2008 թթ.: Մարզասրահը և համերգասրահը հյուրընկալել են աշխարհահռչակ
մարզիկների, հանրահայտ երգիչների ու երաժիշտների: Այստեղ կայացել են բազմաթիվ
համերգներ, բազմաոճ երաժշտական խմբերի ելույթներ:
Հ. Մ.