Չինաստանի նոր դեսպանը նախանշել է Հայաստանի հետ հարաբերությունների առաջնահերթությունները

Չինաստանը և Հայաստանը փոխադարձաբար աջակցում և հարգում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Պեկինը բարձր է գնահատում «մեկ Չինաստանի» սկզբունքին Երևանի աջակցությունը։ Իր դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ Երևանում կազմակերպված ընդունելության ժամանակ հայտարարել է Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպան Լի Սինվեյը։


Հայաստանի ԱԳՆ-ն նախկինում բազմիցս ընդգծել էր, որ հանրապետությունը մշտապես հավատարիմ է «մեկ Չինաստանի» սկզբունքին:


Դեսպանը նշել է, որ երկու երկրների միջև շարունակում է զարգանալ ամուր քաղաքական փոխվստահության վրա հիմնված կայուն և նպատակաուղղված համագործակցությունը:


«Հայաստանի և Չինաստանի ապրանքաշրջանառությունը 2024 թվականի արդյունքներով հասել է 2,8 մլրդ դոլարի նշագծին՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 34% -ով», - ասել է նա։


Լի Սինվեյը նաև հիշեցրել է հաջողությամբ իրականացված համատեղ նախագծերի մասին, որոնց թվում են Հայ-չինական բարեկամության դպրոցը և արևային ֆոտովոլտային կայանը, որը կառուցվել է չինական ընկերության կողմից և արդեն միացված է Հայաստանի էներգահամակարգին:


Առաջիկայում սպասվում է Երևան-Ուրումչի երթուղով ավիաչվերթերի ավելացում։


«Մեկ Չինաստանի» սկզբունքը այլ պետությունների հետ ՉԺՀ-ի դիվանագիտական հարաբերությունների հիմքն է և միջազգային համերաշխության կարևոր տարր: Ներկայում աշխարհի 183 երկրներ պաշտոնական հարաբերություններ են հաստատել Չինաստանի հետ՝ ճանաչելով այդ սկզբունքը։


Իր հերթին Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը նշել է, որ երկրները համագործակցության նոր փուլ են ապրում:


«Մեր երկրների միջև բարձր է քաղաքական երկխոսությունը, որը դրսևորվում է երկրների համար կարևոր հարցերի շուրջ դիրքորոշումների ձևավորման հարցում», - ասաց Սաֆարյանը: Նրա խոսքով՝ երկրները շատ ընդհանրություններ ունեն՝ մարդկային ներուժ, արժեքների հանդեպ նվիրվածություն, հարուստ պատմություն։