Թալին և Բուրգ-Լե-Վալանս. բարեկամության և համատեղ ծրագրերի ամրապնդում՝ պաշտոնական այցի շրջանակում

Այսօր Թալին համայնքը մեծ ուրախությամբ և պատվով հյուրընկալել է Ֆրանսիայի Թալինի քույր քաղաք Բուրգ-Լե-Վալանսի պատվիրակությանը՝ քաղաքապետ Մարլեն Մուղիեի գլխավորությամբ։


Պատվիրակությանը դիմավորել և ողջունել է Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, ով նրանց ուղեկցել է համայնքի մի շարք կարևոր հաստատություններ՝ ներառյալ մշակութային և կրթական ՀՈԱԿ-ները, Ֆրանկոֆոնիայի կենտրոնը և Թալինի բժշկական կենտրոնը։ Այցի ընթացքում քույր քաղաքի պատվիրակությունը աշխատանքային հանդիպում է ունեցել Թալինի ավագանու անդամների հետ՝ քննարկելով համատեղ ծրագրերը, ապագա նախաձեռնությունները և երկկողմ համագործակցության ամրապնդման հարցերը։ Օրվա ավարտին պատվիրակությունը մասնակցել է մշակութային միջոցառման։


Ֆրանսիայի պատվիրակությունը Հայաստան է ժամանել Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովին մասնակցելու նպատակով, որը կարևոր հարթակ է համայնքային զարգացման, փորձի փոխանակման և բարեկամական կապերի խորացման համար։


Թալին համայնքը վստահ է, որ այս այցը նոր խթան կհաղորդի հայ-ֆրանսիական համագործակցությանը՝ ընդլայնելով հնարավորությունները կրթության, մշակույթի, առողջապահության և տեղական ինքնակառավարման ոլորտներում։