Խուդաթյանը և Դունկանը հայտնել են ատոմային էներգետիկայի ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հունիսի 4-ին ընդունել է ԱՄՆ Էներգետիկայի դեպարտամենտի միջազգային միջուկային քաղաքականության հարցով փոխքարտուղարի տեղակալ Ալեշիա Դունկանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը։  Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։


Դավիթ Խուդաթյանը ողջունել հյուրերին և շնորհակալություն հայտնել ԱՄՆ կառավարությանը, հատկապես Հայաստանի էներգետիկայի բնագավառին ցուցաբերած շարունակական աջակցության համար։ 


Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև օրերս ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ Հայկական ԱԷԿ-ում տեղադրված վարժասարքի համար։ 


Ըստ աղբյուրի՝ Դավիթ Խուդաթյանը բարձր է գնահատել ամերիկյան կողմի հետ ատոմային էներգետիկայի բնագավառում ծավալված համագործակցությունը։  Կողմերը հայտնել են հետագա համագործակցությունը խորացնելու երկուստեք պատրաստակամություն։ 


Հանդիպման ժամանակ քննարկվել են ԱՄՆ-ի հետ էներգետիկ ոլորտում համագործակցության և Խաղաղ միջուկային էներգիայի օգտագործման ոլորտում համագործակցության շրջանակին վերաբերող մի շարք հարցեր։