MIT-ի պրոֆեսոր Արեգ Դանագուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ես միշտ գերադասում եմ հայհոյախառը, անպարկեշտ ճշմարտությունը քան պարկեշտ կեղծավորությունը:
Լավ, ասենք Նիկոլը «դոմփելու» փոխարեն ասեր «կենակցել», կամ «բեղմնավորել», կամ «զուգավորվել»: Դա ի՞նչ կփոխեր: Մեղադրանքը կաթողիկոսի հասցեին արված է: Վերջինս կամ կարող է այն հերքել, կամ էլ հաստատել:
Էջմիածինը պատասխանել է այս մեղադրանքներին մի երկարաշունչ հայտարարությամբ, որը լի է ստանդարտ «հայրենասիրական» բարոյախոսություններով, բայց որտեղ աչք է ծակում այս մեղադրանքի հստակ հերքման բացակայությունը: Ինչ է սա, եթե ոչ ընդունում, որ մեղադրանքը հիմնավորված է: Արքեպիսկոպոս Միքայել Աջափարյանն էլ, իբր թե կաթողիկոսին պաշտպանելու նկատառումով, «մեկ ամիս առանց կնոջ ապրել հնարավոր չէ»-ով անուղակիորեն հաստատել է որ կաթողիկոսը խախտել է եկեղեցու ամենակարևոր կանոններից մեկը:
Լավ, սիրելի հավատացյալ ընկերներ, անգամ սրանից հետո է՞լ է ձեզ շարունակում անհանգստացնել «դոմփել» տառա-կապակացությունը: Ախր արդյո՞ք ձեր գերագույն հովվի անձի պաշտամունքը այդքան ուժեղ է, որ դուք պատրաստ եք աչք փակել այն հանգամանքի վրա, որ նա, որ առավոտից երեկո մեզ ու ձեզ բարոյախոսական խրատներ է տալիս, հնարավոր է որ խախտել է եկեղեցու ամենահիմնարար «բարոյականության» կանոնը:
Եթե այս ամենը ճշմարիտ պարզվի, ի՞նչ ազդեցությունէ սա ունենալու հասարակ քահանաների վրա:
Ի՞նչ ազդեցություն է ունենալու երիտասարդ հավատացյալների վրա:
Ասեմ` այն ստեղծելու է համատարած ցինիզմ, ու դատարկելու է հետևորդների առանց դրա էլ նոսրացող շարքերը: Նիկոլի բառապաշարը այսօր հավատացյալ հոգևորական համայնքի փոքրագույն պռոբլեմն է:
Ես համոզված եմ որ նրանք սա հասկանում են: Ուղղակի նրանցից շատերին փոքրուց սովորեցրել են կուլ տալ պարկեշտ կեղծավորություն, քան պահանջել անպարկեշտ ճշմարտություն: Ուղիղ այնպես, ինչպես 2020-ի նոյեմբերի 8-ին պահանջում էին ուրախ արծրունական ստեր, քան տխուր ճշմարտություն: