Սահմանադրությունը պարունակում է մեկ դեկլարատիվ բնույթի նորմ, որի համաձայն՝ ՀՀ-ն ընդունում է Հայ Առաքելական Եկեղեցու բացառիկ դերը հայ ժողովրդի կյանքում: Ի՞նչ է եղել, որը ստիպել է, որ ծագի նման հարցադրում, այսինքն՝ ինչո՞վ է խախտվելը դրսևորվել: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ հարցադրումն ուղղելով լրագրողին, որը հետաքրքրվել էր՝ Սահմանադրության կարգի խախտում չէ՞ ՀՀ վարչապետի կողմից Եկեղեցու ներքին գործերին խառնվելը՝ նկատի ունենալով Փաշինյանի ֆեյսբուքյան վերջին գրառումները:
«Եկեղեցու հետ հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով, և այսօր էլ մենք ունենք օրենսդրական դաշտ, որը որոշակիորեն կարգավորում է այդ հարաբերությունները: Իրականում այդ կարգավորումները, որպես կանոն, այժմեական իրականության համատեքստում միտված են Եկեղեցուն որոշակի արտոնություններ տալուն, եկեղեցականների կարգավիճակի հետ կապված նրանց որոշակի արտոնություններ տալուն և այլն: Այսինքն՝ մենք ընդունում ենք, որ գոնե այս պահին առնվազն այդքանով Եկեղեցու և եկեղեցականների հետ հարաբերությունները կարող են օրենքի մակարդակում կարգավորվել»,- ասաց նա: