Ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում մոլորվել են․ ԱԱԾ-ն հերքել է Տեղ գյուղի երկու անչափահասների՝ առևանգվելու մասին վարկածը

Ի լրումն հունիսի 6–ին տարածած հաղորդագրության՝ ԱԱԾ-ն տեղեկացնում է․


«Սյունիքի մարզի Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչների հայնաբերվելուց հետո նրանց հետ ունեցած զրույցներից պարզվել է, որ իրենց ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում նրանք մոլորվել են և մառախուղի պատճառով չեն կարողացել կողմնորոշվել տեղանքում։ Ադրբեջանցիների կողմից նրանց առևանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»։


Տեղի համայնքապետարանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ համայնքի անչափահաս բնակիչները՝ Կարեն Ջհանգիրյանը և Անդրեյ Գյագունցը, ովքեր մոլորվել էին, գտնվում են Տեղ համայնքում։



«Տղաների առողջական վիճակը լավ է»,- հայտնում են համայնքապետարանից։



ԱԱԾ-ն հաստատել է տեղեկությունը, որ Սյունիքի մարզից մոլորված անչափահասներն այժմ ՀՀ-ում են։


«Ի լրումն այսօր տարածած հաղորդագրության՝ հայտնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Լրացուցիչ տեղեկությունները կհաղորդենք հաջորդիվ»,- հայտնում են ԱԱԾ-ից: