Սակայն այս ամենից երևույթը չի փոխվում, այն շարունակվում է կոչվել երեսպաշտություն. Կարապետյանը՝ որոշ հոգևորականների գործունեության մասին

Աժ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 


Վերջում իհարկե պարզվելու է, որ ինչպես հայրենասիրության, այդպես էլ քրիստոնեական հավատքի մեր բարձրագույն իդեալներին հանրային գործիչներից ու հատկապես առաջնորդներից միայն Նիկոլ Փաշինյանն էր այդքան ջերմեռանդորեն հավատում և որ ավելի կարևոր է՝ գործնականում հետեւում դրանց, հետևում տառացիորեն։ 


 Ինքնության և պատմության, հերոսության ու բարեպաշտության մասին օրնիբուն քարոզ կարդացողների մեծ մասը դա անում է սեփական հեղինակությունն ու գերակայությունը՝ սոցիալական կարգավիճակից մինչև տնտեսական գերակայություն պահպանելու կամ վերականգնելու համար։ Անցած օրերին հնչեցին բազում պատճառաբանություններ, թե ինչու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սպասավորներից որոշները կարող են չհամապատասխանել Եկեղեցու կանոններին և չընդունել, որ չեն համապատասխանում։ 


Բերվեցին կենսաբանական պատճառաբանություններ, իրավական պատճառաբանություններ, պատմական պատճառաբանություններ։ Իմա՝ կան բնական կարիքներ, անձնական կյանք, եկեղեցու գույքի ժառանգականության հարց։ Սակայն այս ամենից երևույթը չի փոխվում, այն շարունակվում է կոչվել երեսպաշտություն։ Իսկ եթե այս հանգամանքի բեռը ուսերին սպասավորները կարող են նաև մարդկանց զավակներին ջրի մեջ ընկղմելու համար «գանձել» օրինակ հազար դոլլար և այդ մասին հաշվետու չլինել հանրության ստեղծած պետությանը, ապա սա արդեն կոչվում է շառլատանություն։ 


Հետո օրինակ գալ նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման առթիվ ելույթի իրավունքով խոսել՝ օրհնելով ի՞նչը՝ կոռուպցիա՞ն։