Խուլիգանության մեջ մեղադրվողը` ՊՈՒ վարչապետի թեկնածու. ՀՀԿ-ի անպատիվ անցյալն ու դառը ներկան

Այսօր տեղեկություն տարածվեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին։


«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը սույն թվականի հունիսի 7-ին կայացած նիստում միաձայն որոշեց «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկ ներկայացնել՝ որպես թեկնածու առաջադրելով Մասիս համայնքի ղեկավար, Հայաստանի Հանրապետական կուսակցության Խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանին»,– ասվում է հայտարարության մեջ։


Հիրավի, ՀՀԿ-ն չէր էլ կարող ավելի հետաքրքիր թեկնածու առաջադրել, քան մի մարդու, որին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ. ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և զուգորդվել նույն օրը՝ ժամը 19։00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի և որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով և գույքը ոչնչացնելով։


 Ի դեպ, վերոնշյալ գործով որպես ամբաստանյալ անցնում էր նաև Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը։ Վերջինս անցնում էր նաև մեկ այլ քրեական գործով, այն առնչվում է շղթայական և կազմակերպված մարմնավաճառության գործի հետ: Գոռ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը):


Նշենք նաև, որ ՀՀԿ-ի սրտի թեկնածուն ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան է։


Դե հասկանալի է, ՀՀԿ-ի սիրելի գործելաոճը դա բռնությունն է, բնականաբար իրենց թեկնածուն էլ պետք է լիներ մեկը, որը նույնպես բռնության հետ սերտ առնչություն ունի։


Հիշեցնենք նաև, որ Սերժ Սարգսյանը երկար ժամանակ պնդում էր, որ իրենց նպատակը ոչ թե վարչապետի թեկնածու ներկայացնելն է, այլ իշխանափոխությունը։ Եվ գտան այն մարդուն, որն ըստ իրենց ունակ է իշխանափոխություն անելու։


Շատ ուշագրավ է նաև Դավիթ Համբարձումյանի ֆեյբուքյան գրառումն իրեն արված առաջարկի մասին


«Սիրելի ընկերներ, գաղափարակիցներ Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար մարմնի կողմից ստացա պարտավորեցնող առաջարկ մաս կազմել մեր բոլորիս հայրենիքը ազատագրելու գործին»։


Այստեղ խիստ տեղին է հիշեցնել աշուղ Ջիվանու հայտնի քնարը՝«Խելքի աշեցեք»։


Նայելով ՀՀԿ-ի ներկայացրած թեկնածուի կենսագրությանը՝ միանգամից հասկանալի է դառնում, որ այս մարդկանց կյանքում ու մտածելակերպում այդպես էլ ոչինչ չի փոխվել, նրանք այդպես էլ չհասկացան, որ բռնությունն ու ՀՀԿ-ն հավերժ մերժվել են ժողովրդի կողմից:  Մեր երկիրը 7 տարի առաջ ազատագրվել է ավազակապետական վարչակազմից։


Լիլիթ Թադևոսյան