Հրաձգություն Ավստրիայի դպրոցներից մեկում. կան զոհեր

Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցներից մեկում տեղի է ունեցել հրաձգություն, հաղորդում է Kronen Zeitung թերթը: Թերթի տվյալներով՝ զոհվել է առնվազն ութ մարդ, իսկ հարձակվողը սպանվել է: Հստակ չէ՝ նա ներառվա՞ծ է սպանվածների ընդհանուր թվի մեջ:


Թերթի թղթակիցը զրուցել է դասարաններից մեկում  աշակերտների հետ փակված ուսուցչուհու ամուսնու հետ: Նրա խոսքով՝ նրանք մի քանի կրակոցներ են լսել: Kronen Zeitung-ը գրում է, որ կասկածյալը կրակ է բացել երկու դասարաններում և շուտով մահացած է գտնվել զուգարաններից մեկում:


Շտիրիայի դաշնային երկրամասի ոստիկանությունը հաստատել է, որ քաղաքում հատուկ գործողություն է իրականացվում դպրոցում կրակոցների մասին հաղորդագրությունների պատճառով: Դեպքի վայրում աշխատում են ոստիկանությունը և Cobra հատուկ ստորաբաժանումը, իսկ շենքը խուզարկվում է: Ավստրիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ կան մի քանի զոհեր, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործը: Ենթադրվում է, որ նա կարող է ինքնասպան եղած լինել: