Ծեծկռտուք, կրակոցներ ու ծանր վիրավոր Արզնիում։ Օրերս Արզնի համայնքի «Avenue Arzni» հյուրատանն էր
միջադեպ գրանցվել։ Ըստ մի քանի լրատվականների՝ միջադեպին մասնակցել էր նաև համայնքի
ղեկավարը՝ Ֆելիքս Միրզոև՝ ինչպես նաև
համայնքի ավագանու ՔՊ-ական անդամ, Ռոմանոս Պետրոսյանի քեռու որդի Դավիթ Վանյանը։ Իրավապահները ավելի քան 10
մարդու էին ձերբակալել։ Ըստ լրատվամիջոցների՝ նաև համայնքապետին ու ավագանու նշված
անդամին։
Ֆելիքս Միրզոևը, սակայն, Сivic.am-ի հետ զրույցում հերքեց իր մասնակցությունը
միջադեպին՝ նաև ձերբակալումը։
Այդ ժամանակ նա գտնվել է Արզնի
համայնքի մշակույթի տանը՝ մասնակցելով մեկ այլ՝ համայնքային միջոցառման և չէր
կարող ներկա լինել միջադեպի վայրում, ու կապ չի ունեցել այդ խնջույքի հետ՝ առավել
ևս դրա կազմակերպման։ Միրզոևն ասաց, որ իմանալով կրակոցների մասին որպես համայնքի
ղեկավար գնացել է նշված հյուրատուն՝ կրքերը հանդարտեցնելու նպատակով, որը, ի դեպ,
ըստ նրա, որոշ չափով ստացվել է։
«Ո՛չ այդ հանգստյան գոտին վարձած
մարդկանց եմ ճանաչում, ո՛չ այդ խնջույքի մասնակից եմ։ Իմացել եմ կրակոցների մասին,
գնացել եմ կրքերը հանդարտեցնելու նպատակով, որը ինչ-որ չափով ստացվել է ինձ մոտ»,
- ասաց Միրզոևը։
Ապա համայնքի ղեկավարը մեկնել է
հիվանդանոց՝ վիրավոր երեխայի մասին տեղեկություն ստանալու համար։ Այնտեղից էլ
ոստիկանների հրավերով գնացել է ոստիկանության բաժին՝ պարզաբանումներ տալու համար։
Ֆելիքս Միրզոևն ասաց նաև, որ պահանջել է լուրը տարածած լրատվամիջոցներից՝ հերքել
իր մասնակցության մասին տեղեկությունները։ Ավելացրեց՝ ավագանու անդամ Դավիթ Վանյանը
ևս միջադեպի վայր ժամանել է կրակոցներից հետո՝ կրքերը հանդարտեցնելու նպատակով։ Ըստ
Միրզոևի՝ իրենք պարտավոր էին որպես պաշտոնյաներ, այդ տեղեկությունները ստանալուց հետո
գնալ այնտեղ ու փորձել կանխել ավելի վատ հետևանքները, որոնք կարող էին լինել։
Վովա Հակոբյան