Հնդկաստանի
Ահմադաբադ քաղաքում շենքի փլատակներից, որի վրա ընկել էր ինքնաթիռը, դուրս են
բերվել 30-35 զոհվածների մարմիններ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով արտակարգ
ծառայություններին:
Ոստիկանությունը
հայտնել է, որ ինքնաթիռը ընկել է բժիշկների հանրակացարանի վրա: Կործանված Boeing
787-8 Dreamliner-ը 11 տարեկան էր: Ինչպես գործակալությանը հայտնել է բրիտանական
Քրենֆիլդի համալսարանի՝ աերոտիեզերական տեխնիկայի և ավիացիայի հարցերով
տնօրեն Գրեհեմ Բրեյթուեյթը, սա Boeing 787-ի մասնակցությամբ առաջին խոշոր վթարն է:
Նախնական տեղեկությունների համաձայն, Հնդկաստանում Air India-ի Boeing 787-8 Dreamliner-ի ավիաաղետից ոչ ոք չի ողջ մնացել, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը։
Ավիաընկերության X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ նշել է, որ ինքնաթիռը կործանվել է թռիչքից կարճ ժամանակ անց։ Ինքնաթիռում եղել են Հնդկաստանի 169 քաղաքացի, Մեծ Բրիտանիայի 53 քաղաքացի, մեկ կանադացի և Պորտուգալիայի յոթ քաղաքացի։ Air India-ն հավելել է, որ տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ, սակայն նրանց թիվը չի նշել։ Ահմադաբադի միջազգային օդանավակայանը ավիաաղետից հետո դադարեցրել է աշխատանքը։