Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Թուրքիա կատարելիք այցի մասին համացանցում տարածված տեղեկատվությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արմեն Գրիգորյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ հորդորելով սպասել կառավարության կողմից համապատասխան տեղեկատվության։
«Մանրամասների մասով եկեք սպասենք վարչապետի աշխատակազմի հայտարարությանը»,-նշել է Գրիգորյանը՝ անպատասխան թողնելով նաև հնարավոր այցի ժամկետների վերաբերյալ հարցը։
Ավելի վաղ համացանցում տեղեկություններ էին շրջանառվել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, որտեղ հանդիպում է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն իր հերթին, պատասխանելով այս մասին ԶԼՄ-ների հարցմանը, նշել էր, որ ՀՀ վարչապետի բոլոր միջազգային այցերի վերաբերյալ ժամանակին տրամադրվում է պատշաճ տեղեկատվություն։