Միայն խաղաղությունն է կարող ապահովել հուսալի անվտանգություն. Փաշինյանը՝ GLOBSEC 2025 համաժողովում

Պրահայում ընթացող GLOBSEC 2025 միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ «Հայաստանը փոփոխվող աշխարհում» խորագրով քննարկմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քննարկման մեկնարկին Le Grand Continent-ի եվրոպական թղթակից Մարիա Տադեոն ՀՀ վարչապետին հարց ուղղեց՝ արդյոք աշխարհն այսօր դարձել է ավելի վտանգավոր։


Վարչապետը պատասխանեց, որ քաղաքական գործիչների գլխավոր գործառույթը իրավիճակի բարելավմանն ուղղված քայլերն են։


«Հենց դրա համար է մեր կառավարությունը կենտրոնացած խաղաղության օրակարգի վրա մեր տարածաշրջանում։ Մեր օրերում բոլորը ձգտում են անվտանգության, բայց իրականությունն այն է, որ միայն խաղաղությունն է կարող ապահովել հուսալի անվտանգություն», – ընդգծեց վարչապետը։


Փաշինյանը հիշեցրեց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների արդյունքում կողմերին հաջողվել է համաձայնեցնել խաղաղության պայմանագրի նախագիծը։


«Ներկայումս այդ նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Այժմ մենք խորհրդակցությունների փուլում ենք Ադրբեջանի հետ՝ հասկանալու, թե ինչպես իրականացնել ստորագրումն ու հետագա վավերացումը։ Մենք շարունակում ենք այդ գործընթացը և հուսով ենք, որ հնարավորինս շուտ կհասնենք արդյունքի», – նշեց նա։


Վարչապետը ևս մեկ անգամ վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ։