Կասեցվել է նաև Տաշիր քաղաքի «Պիցցա Տաշիր» ընկերության կաթնամթերքի արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Լոռու մարզ, քաղաք Տաշիր):


Այս մասին հայտնել է տեսչական մարմինը:


Ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումները անհամատեղելի են եղել սննդամթերքի արտադրության սանիտարահիգիենիկ պայմաններին օրենսդրությամբ ներկայացվող նորմերի հետ:


Այսպես՝


  • արտադրական շինությունն ապահովված չի եղել կեղտի կուտակումներից սննդամթերքում մասնիկները թափվելու վտանգից, արտադրական շինությունների մակերևույթներին բորբոսի առաջացումից,
  • արտադրամասի և պահեստային հատվածի պատերի, հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
  • առաստաղների մի մասի մակերևույթները վնասված են եղել, ինչը նպաստում է կեղտի կուտակմանը, բորբոսի առաջացմանը,
  • բացվող ներքին պատուհանը չի ունեցել միջատապաշտպան ցանց,
  • սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող կաթի մշակման, պաստերիլիզացման և պահպանման սարքավորումները չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման,
  • սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական գույքը, մասնավորապես՝ պանրի մշակման սեղանի մակերևույթը, պատրաստված չի եղել չներծծող նյութից։


«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: