Օձերը մեր շրջապատում. ով իրազեկված է, նա պաշտպանված է

Հայաստանում կա 21 տեսակի օձ, որոնցից թունավոր են միայն 4-ը՝ տափաստանային իժը, Դարևսկու իժը, անդրկովկասյան գյուրզան և փոքրասիական իժը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Փրկարար ծառայությունը


Բաց տարածքներում օձ տեսնելիս խորհուրդ է տրվում խուճապի չմատնվել և փորձել զգուշորեն հեռանալ, իսկ փակ տարածքներում՝ տեղափոխվել անվտանգ գոտի և զանգահարել 911: 


Եթե ձեզ կծել է թունավոր օձ՝ նույնպես խուճապի մի մատնվեք, զանգահարե՛ք 911 կամ 103 հեռախոսահամարներով։ Փորձեք տուժածին նստեցնել կամ պառկեցնել, որպեսզի թույնը չհասցնի շատ տարածվել օրգանիզմում: Հիշե՛ք, որքան կծած տեղը հեռու է սրտի շրջանից, այնքան փոքր է վտանգը։ 


Օձի կծելու դեպքում չի կարելի. 
• կծած տեղը ծակել, կտրել, այրել. 
• տուժածին տալ ալկոհոլ կամ կոֆեին պարունակող հեղուկներ, ցավազրկողներ. 
• արտածծել թույնը ո՛չ բերանով, ո՛չ նախատեսված գործիքներով. 
• տեղադրել լարան։ 


Անհրաժեշտ է. 
• մարմնի վրա գրիչով նշել օձի կծած տեղը. 
• էլաստիկ բինտով այնքան ամուր փաթաթել վերքը, որ մատների ծայրերը հնարավոր չլինի      մտցնել դրա տակ, երկրորդ բինտը ևս անհրաժեշտ է ձիգ փաթաթել. 
• բինտով փաթաթելուց հետո վերջույթն անշարժացնել բեկակալով կամ փայտով. 
• սառույց ունենալու դեպքում ցանկալի է այն դնել վերքից վերև և ներքև: 


Տուժածին կարելի է տալ ջուր, իսկ քայլեցնել կամ շարժել պետք է միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Կարևոր է հիշել, որ օձի կծելուց հետո կա բավական ժամանակ, որպեսզի առանց խուճապի կատարեք համապատասխան գործողությունները: