Եթե արտահերթ նիստին չմասնակցեք կամ դեմ քվեարկեք՝ կնշանակի խոչընդոտելու եք քննությանը․ Հարությունյանը՝ Ղուկասյանին

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն արտահերթ նիստ կհրավիրի։


Այս մասին հունիսի 20-ին կայացած նիստում հայտարարել է խմբակցության քարտուղար Քնարիկ Հարությունյանը։


«Դեռ անցյալ տարի մեր խմբակցության նախաձեռնությամբ դատարան էր ուղարկվել 24 հայց, որոնք վերաբերում են Վարդան Ղուկասյանի և Սամվել Բալասանյանի և այդ ժամանակահատվածի ավագանու կայացրած ապօրինի որոշումներին: Դատական պրոցեսների բնականոն ընթացքի համար անհրաժեշտ է ավագանու ևս մեկ որոշում` լիազորել փաստաբանին ավագանու շահերը ներկայացնել դատարանում:


Մեր խմբակցությունն առաջիկայում այս հարցով արտահերթ նիստ կհրավիրի»,- գրել է Հարությունյանը սոցցանցի իր էջում:


Ըստ Հարությունյանի, այդ գործերով անցնում է նաև Վարդան Ղուկասյանը, և եթե ավագանու ՀԿԿ խմբակցությունը չմասնակցի արտահերթ նիստին կամ դեմ քվեարկի, դա ուղղակիորեն կնշանակի, որ Ղուկասյանը խոչընդոտելու է գործի քննության ընթացքին։


«Իսկ այդ դեպքում կլինեն իրավական ու նաև քաղաքական կոշտ գնահատականներ»,- հայտարարել է Հարությունյանը։