Երևանում իմ մասնակցությամբ վերջին հանդիպումն է լինելու. արժեքավոր է յուրաքանչյուրիդ կարծիքը. Աննա Հակոբյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունիսի 28-ին՝ ժամը 13:00-ին, Ստանիսլավսկու անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի բանախոսություններով։


Անդրադառնալով այս հանդիպմանը՝ Աննա Հակոբյանը տեղեկացրել է, որ այն Երևանում իր մասնակցությամբ վերջին հանդիպումն է լինելու՝ պայմանավորված ուսանելու մեկնելու հանգամանքով։


«Հատկապես մեր մտավորականներին կոչ եմ անում չխեղճանալ ագրեսիվ տգետների անհեթեթ մեկնաբանությունների առաջ և մասնակցել հանդիպմանը, այդ թվում՝ ընդդիմադիր մտավորականներին եմ կոչ անում մասնակցել հանդիպմանը։


Իրար լսելու հմտությունը հիմնարար հմտություն է, որից մենք կատարելապես զուրկ ենք։


Եվ բացի այդ՝ իսկապես հետաքրքիր ու շատ արժեքավոր է ձեզանից յուրաքանչյուրի տեսակետն ու կարծիքը այն ամենի մասին, որ խոսվում է այս հարթակում։


Մինչդեռ ցավով պետք է նշեմ, որ մինչ այժմ ձեր բոլոր կարծիքներն անարժեք են եղել այն պարզ պատճառով, որ մենք խոսում ենք ծիրանի մասին, դուք մեկնաբանում եք կարկանդակ։


Իսկ ինչո՞ւ եք մեկնաբանում կարկանդակ, որովհետև ձեզ հարց տվողն էլ չի լսել, որ խոսում ենք ծիրանի մասին, և ձեզ հարցնում է՝ ինչ կարծիք ունեք այն կարկանդակի վերաբերյալ։

Ու քանի որ դուք նույնպես չգիտեք, որ խոսքը ծիրանի մասին է, ոչ թե կարկանդակի, սկսում եք վերլուծել կարկանդակը։


Համաձայնեք՝ այնքան էլ ուժեղ դիրք չէ մտավորականի համար»,- գրել է Աննա Հակոբյանը։