Մարտուն Գրիգորյանի մտերիմները իրար են կրակել․ պատճառը Վարդան Ղուկասյանին քաղաքապետ դարձնելն է

Օրերս Գյումրու կենտրոնում՝ «Հացատուն» կոչվող սննդի օբյեկտի հարևանությամբ կրակոցներ էին հնչել։ Տեղի էր ունեցել ծեծկռտուք, որն ավարտվել էր կրակոցներով, որի հետևանքով վիրավորներ կան։


Դեպքից հետո երկու անձ ձերբակալվել էր։ 


Civic.am-ի տեղեկություններով ձերբակալվածներից մեկը ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբոր որդին է։ Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքն ու 15 մլն դրամ գրավը։


Քննչական կոմիտեում դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հոդվածներով։


Իսկ վիճաբանությունն ու դրան հաջորդած կրակոցները քաղաքական ենթատեքստ ունեն։ Բանն այն է, որ Արտյոմ Կարապետյանի (Շեկոյի) որդին հաշտ չէ Մարտուն Գրիգորյանի կողմից Վարդան Ղուկասյանին քաղաքապետ դարձնելու որոշման հետ։


Հիշեցնենք, որ 2013 թվականին Վարդան Ղուկասյանի եղբոր որդին՝ Վահե Ղուկասյանը փորձել է սպանել Հարություն Խաչատրյանին (քավոր Հարութին)։ Հնչած փոխադարձ կրակահերթից քավոր Հարութը վնասվածքներ է ստանում, իսկ քավոր Հարութի մերձավոր Շեկոն սպանվում է։


Քավոր Հարութն ու Շեկոն Մարտուն Գրիգորյանի մտերիմներն են։ Դե իսկ Գյումրիում կայացած ՏԻՄ վերջին ընտրությունների ժամանակ Շեկոյի որդին ևս աջակցում էր Մարտուն Գրիգորյանին, և վերջինս այդքան քվե ստացել է նաև քավոր Հարութի և Շեկոյի որդու ջանքերով։ Իսկ Մարտուն Գրիգորյանը ընտրություններից հետո իր քվեները, ըստ էության, նվիրեց Շեկոյին սպանած Ղուկասյանների ընտանիքին, ինչն էլ Շեկոյի որդին չի կարողանում ներել Մարտուն Գրիգորյանին։ 


Հիշեցնենք նաև, որ ընտրությունների քարոզարշավի ողջ ընթացքում Մարտուն Գրիգորյանը հայտարարում էր, թե ՔՊ-ն քաղաքը Վարդան Ղուկասյանի միջոցով «տանելու» նպատակ ունի, ինչը նա թույլ չի տալու։ Վարդան Ղուկասյանի ընտանիքի հետ Մարտուն Գրիգորյանի արյունալի խնդիրը վստահություն էր հաղորդել բազմաթիվ գյումրեցիների, որ Գրիգորյանը կլինի այն անձը, որը թույլ չի տա Վարդան Ղուկասյանին դառնալ քաղաքապետ։ Ընտրություններից հետո, սակայն, տեղի ունեցավ լրիվ հակառակը՝ Մարտուն Գրիգորյանը մոռանալով իրենց ու Ղուկասյանների ընտանիքի միջև եղած «արյունը» իր քվեները տվեց Վարդան Ղուկասյանին՝ խաբելով նաև իր հարազատներին։