«Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը կարծում է՝ տարածաշրջանում խաղաղության յուրաքանչյուր օրը Հայաստանի համար ռազմավարական հնարավորություն է վերակերտելու իր ապագան և դառնալու տեխնոլոգիապես առաջադեմ, տնտեսապես հզոր ու ինքնիշխան պետություն:
Հայաստանի վերելքը պահանջում է վերտիկալ արդիականացում՝ հիմնված բարձր տեխնոլոգիաների, կայուն էներգետիկայի և ժամանակակից ենթակառուցվածքների վրա:
Մենք պետք է արձակենք կապի և հեռազգայական դիտարկման արբանյակներ՝ ապահովելու տվյալների ինքնիշխանություն և տարածաշրջանային մրցակցային առավելություն: Էներգետիկ անկախությունը պետք է դառնա անսակարկելի առաջնահերթություն վերականգնվող աղբյուրների և նորարարական լուծումների միջոցով:
Ճանապարհները, կապի համակարգերը և տրանսպորտային ցանցերը պետք է համապատասխանեն 21-րդ դարի ամենախիստ չափանիշներին՝ խթանելով ներքին և արտաքին առևտուրը:
Այս ամենը հնարավոր է միայն գիտության և արտադրության սերտ ինտեգրմամբ: Հայաստանը պետք է ներդրումներ կատարի կրթության և հետազոտությունների մեջ, ստեղծի տեխնոլոգիական կլաստերներ և խրախուսի ստարտափ էկոհամակարգ, որն ունակ է մրցելու համաշխարհային շուկայում:
Քաղաքական համակարգը պետք է լինի ճկուն, թափանցիկ և նպատակասլաց՝ ապահովելով կայունություն և վստահություն ինչպես ներդրողների, այնպես էլ ժողովրդի համար: Խաղաղությունը կամ պատերազմը չեն կարող սահմանել մեր կամքը:
Հայաստանի ճակատագիրը մեր ձեռքերում է: Ժամանակն է ծալել թևքերը և կերտել մի երկիր, որը ոչ միայն կդիմակայի մարտահրավերներին, այլև կդառնա տարածաշրջանային առաջատար՝ նոր սերունդների համար ապահովելով դիմակայուն ապագա: Գործելու ժամանակը հիմա է»,- գրել է Բաբաջանյանը: