ՀՀ ժողովրդի
կողմից ընտրված իշխանության և այդ ժողովրդին
ծառայություններ մատուցող ՀԷՑ-ի վրա «թքած
ունեցող» Սամվել Կարապետյանը կալանքը համատեղում
է նոր ժանր յուրացնելով՝ նամակի ժանրը, որի
տեսքով արդեն 5-րդ անգամ է շփվում իր երկրպագուների հետ։
Վերջին
նամակում, ահա, «Տաշիր Սամո» անունով հայտնի ռուսաստանցի օլիգարխն անդրադարձել է
իշխանության արածներին և, ուշադրություն, առաջին «պունկտով» նշել՝ «Քաղաքական դաշտը վերածվեց կրկեսի: Ազգային ժողովը վերածվեց ձեռնամարտի մի մեծ ռինգի: Չդիմանալով օբյեկտիվ քննադատություններին, հատկապես այնպիսի ուժեղ կին քաղաքական գործիչների հնչեցրած, ինչպիսիք են օրինակ՝ Աննա Գրիգորյանը, Քրիստինե Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Աննա Մկրտչյանը, Թագուհի Թովմասյանը և այլք, փոքրիկ խմբակը, չունենալով ոչ մի պատասխան, ժամանակ առ ժամանակ նետվում է ձեռնամարտի կանանց պաշտպանող քաղաքական գործիչների հետ»:
Զավեշտալի է, որ կրկեսից, այն էլ՝ քաղաքական,
խոսում է մեկը, որը կրկես բառը հոլովելուց պետք է ահավոր դիսկոմֆորտ զգար՝ նախ՝
Հայաստանի երեխաներին կրկես դիտելուց զրկելու համար: Հիշեցնենք՝ 2011-ին սկսված
վերանորոգումը, որը պետք է ավարտվեր 2013-ին, մինչև հիմա չի ավարտվել: Թե երբ
կավարտվի՝ հայտնի է թերևս միայն վերջերս Անտարկտիդայում հայտնաբերված կայսերական
պինգվիններին։
Դառնանք կրկեսի՝ փոխաբերական իմաստին ու այդ
իմաստով ձևավորված քաղաքական դաշտին. Սամվել Կարապետյանը (կամ նրա անունից տեքստեր հրապարակողները), ինչպես երևում
է, ՀԷՑ-ից բացի թքած են ունեցել նաև ՀՀ
քաղաքական դաշտի վրա, այլապես տեղյակ կլինեին այդ դաշտում հաստատված արդի քաղաքական
տենդենցներին։ Այն է՝ քաղաքական դաշտը հետևողականորեն կրկեսի վերածած
«դրիսերովշիկներն» էլ, նրանց գործունեության հետևանքն էլ՝ հիշյալ դաշտի տոտալ կրկեսացում,
այլևս անցյալում են։ 2018-ի ապրիլից սկսած
այդ դաշտում տեղի է ունեցել «համապարփակ ուբոռկա», որն, ի դեպ, իրականացվել
է ոչ թե մեկ առանձին վերցված քաղաքական սուբյեկտի՝ ՔՊ-ի կամ դրա ղեկավարի, այլ ՀՀ
քաղաքացիների կողմից: Հենց այդ
տենդենցները «ոչ ևս» անելու և շահագործման չհանձնված կրկեսը քաղաքական դաշտում
շահագործելու նպատակով էլ, ըստ էության, ակտիվացել է Սամվել Կարապետյանը։
Հիշեցնենք՝ այդ նա էր 2015-ին՝ բուրժուադեմոկրատական հեղափոխության օրերին,
Հայաստան եկել՝ այսպես ասած «քյաստմ տալու» (ներողություն տերմինի համար) քաղաքական
կրկեսի երկու հայտնի ձեռնածուների՝ Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի քաղաքական
«բազարը»:
Կրկեսի թեման, թերևս, այսքանով սահմանափակենք՝ փոքր-ինչ համալրելով Սերժ Սարգսյանի հայտնի ձևակերպումը՝ «եթե
դեռ կա մեկը, ով ուզում է, որ ամեն ինչ
մնա նույնը, կարծելով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կգնան
ընտրության, և հաշվի առնելով իրեն, իրենց երեխաների ապագան և անվտանգությունը, ՀՀ
տեղը արդի աշխարհում և մեր առջև ծառացած մարտահրավերները... անպայման կընտրեն մեկին, ով հանկարծ սկսել է իրեն այլընտրանք հորջորջել,
ով դատարկ տեղն իրեն փրկիչ է կարծում, ապա նա ոչ միայն ոչինչ չի հասկանում
պետությունից, հասարակությունից, սոցիոլոգիայից ու քաղաքականությունից, այլև
լրջորեն շփոթում է կյանքը կրկեսի հետ։ Մենք կրկեսի վերածելու քաղաքական դաշտ ու
հայրենիք չունենք»։
Դառնանք Սամվել Կարապետյանի՝ բանտային «քսիֆի» հետագա տողերին, որում «մե
կիրթ, մե դաստիարակված» «Կալուգայի Սամոն» խոսում է ՔՊ-ի «փոքրիկ խմբակի» մասին, որը, ըստ
նրա, «անդաստիարակ, հարգանք չունեցող թևն է, նվազագույն ակնարկից պատրաստ հոշոտել երկրի բոլոր արժեքները, նսեմացնել բոլոր սրբությունները»: «Վստահ եմ, որ այդ խմբակի մեջ էլ կան պարկեշտ անձնավորություններ, որոնց համար ևս այս ամենը, մեղմ ասած՝ զզվելի, տհաճ է: Նրանց խորհուրդ եմ տալիս չվախենալ, չմոռանալ պարզ մարդկային արժեքները, չդառնալ Հայ ազգի նզովյալները: Շատ բան պետք չէ, պետք է փորձել առերեսվել մեր ժողովրդի հետ, ժողովրդի առջև արտաբերել՝ ես Հայ եմ, բառերը: Շուտով մենք միասին ներքին համերաշխություն ենք ունենալու»:
Այսքանն ասում է մեկը, որը եղել է ՀՀ-ում
իշխանությունը տարիներ շարունակ
բռնազավթած, դեմոկրատական ինստիտուտները բռնաբարած, կոռումպացված, հանրության
մեծամասնության կողմից նզովված,
սրբությունների հետ սերտաճած ու ինքզինքը հնազանդեցրած կիսագողական խմբակին
սատարած, այդ խմբակի հետ օրգանական կապով կապված «խայռենասեռը»։ Սամվել Կարապետյանը, թերևս, խորհուրդ տալուց
առաջ ինքը պետք է խորհրդի հետևի՝ չմոռանալ, որ ՀՀ-ում իշխանությունը վերադարձվել և
այլևս պատկանում է ժողովրդին, չփորձել դավադրության, մունդռիկության և այլ զազիր ճանապարհներով՝ կրիմինալ
տարրերի ու վարձկանների ներգրավմամբ
ՀՀ-ում իշխանազավթում գեներացնել՝ խլել ժողովրդին պատկանող իշխանությունն ու
դառնալ նզովյալ։ Իրոք, չափազանց զզվելի ու ծայրաստիճան տհաճ կլինի գործարարի նման անկումը։
Չմոռանանք
մեր առանձնահատուկ համերաշխությունը հայտնել ՀՀ քաղաքացիներին ու աշխարհի
բոլոր ծեգերում ապրող և իրենց հայ լինելը ՀՀ քաղաքացիներին երեսով չտվող մեր հայրենակիցներին։
Հ. Մ.