ԱԺ ՔՊ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Իհարկե, խիստ մտահոգիչ է այն փաստը, որ որոշ քաղաքական և այսպես կոչված «հոգևոր» շրջանակներ պատրաստ են հանուն իշխանության դիմելու ամենաստոր և հակամարդկային քայլերի՝ ներառյալ ատելության քարոզը, բռնության ուղղակի կամ անուղղակի կոչերն եւ,նույնիսկ,ահաբեկչությունը։ Սակայն առավել վտանգավոր ու ցավալի է այն, որ նրանք կարողացել են հավաքագրել հարյուրավոր մարդկանց՝ տարբեր պատճառներով խոցելի, մոլորության մեջ ընկած կամ գիտակցաբար բռնությանը ծառայելու պատրաստ։
Սա արդեն պարզապես մեկ խմբակի սանձազերծած աթոռակռիվ չէ․ սա վտանգ է ազգային անվտանգության, պետական կայունության և հասարակական միասնության համար։ Երբ ստվերային առաջնորդները, խաղալով մարդկանց հուսահատության ու վախերի վրա, կարողանում են ստեղծել մի զանգված, որը պատրաստ է կուրորեն ենթարկվել ցանկացած հրամանի, ապա վտանգի տակ է հայտնվում ոչ միայն այսօրվա, այլև վաղվա Հայաստանը։
Եվ հատկապես զարհուրելի է, երբ այդ ամենը քողարկվում է հոգևոր արժեքների կամ ազգային ինքնության պաշտպանությամբ։
հ.գ. և ինչպես միշտ սրանց «պլաններում» բացակայում է ժողովրդի կարծիքը